Բենքսիի անսովոր աշխատանքը կներկայացվի հանրությանը. գրաֆիթիի գնահատվող արժեքը 400–600 հազար եվրոյի տիրույթում է
Աշխարհում գրաֆիթիի ամենաանվանի, սակայն իր անունը չհրապարակող նկարիչ Բենքսիի աշխատանքներից մեկը՝ «Լուռ մեծամասնությունը» (Silent Majority) կվաճառվի Փարիզի «Drouot» աճուրդում:
Ինչպես տեղեկացնում է «newsru.com»-ը, Բենքսիի հեղինակմամբ «Լուռ մեծամասնություն» գրաֆիթին հայտնվել է մոտ տաս մետր երկարությամբ բեռնատար ֆուրգոնի երեսապատին՝ 1998-ի «Գլասթոնբերի» փառատոնի ժամանակ:
Նկարը նաև երկտող ունի՝ «Պետք չէ չափից ավելի հույս կապել լռության հետ, մի բարձր հնչյուն՝ և ամեն ինչ կսկսվի: Լռությունը փխրուն բան է»:
Աճուրդը կկայանա հունիսի 1-ին: Մինչև վաճառքը Բենքսիի այս անսովոր աշխատանքը կներկայացվի հանրությանը: Գրաֆիթիի գնահատվող արժեքը 400 – 600 հազար եվրոյի տիրույթում է: