Լեհաստանում Հայաստանի և Չեխիայի փաստաբանների պալատների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Այսօր՝ մայիսի 29-ին, Եվրոպայի փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհրդի (CCBE) 123-րդ հերթական պլենար նիստին մասնակցելու համար CCBE նախագահ Մարիա Սլազակի հրավերով Գդանսկում (Լեհաստան) է գտնվում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը:
Պատվիրակության կազմում են Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Պլենար նիստի բացմանն իրենց ելույթներով հանդես են եկել Լեհաստանի երկրորդ նախագահ՝ Լեհաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում նշանակալի ներդրում ունեցած քաղաքական գործիչ, Լեչ Վալեսան և CCBE նախագահ Մարիա Սլազակը:
Պլենար նիստի 1-ին օրվա ընթացքում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Հայաստանի փաստաբանների պալատի, CCBE և Չեխիայի Հանրապետության փաստաբանների պալատի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որով կողմերը տրաստակամություն են հայտնել համագործակցել միմյանց հետ փաստաբանության ոլորտում:
Հուշագրով չեխ գործընկերներն իրենց աջակցությունն են ցուցաբերելու CCBE հետագա աշխատանքներին Հայաստանի փաստաբանների պալատի արդյունավետ մասնակցությունն ապահովելու համար:
Հուշագրի վրա իր խորհրդանշական ստորագրություն է թողել նաև Լեհաստանի նախկին նախագահ պարոն Լեչ Վալեսան: