211652_close_icon
views-count1014 դիտում article-date 12:14 25-05-2015

ՀՀ ՏԿԱԻՆ-ում Արմեն Երիցյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը

Մայիսի 25-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով սահմանամերձ համայնքները և առաջնային համարելով բնակչության պաշտպանության հիմնահարցերը՝ նախարար Ա. Երիցյանը հանդիպել է Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի հետ, քննարկել քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցեր: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 282 դեպքի: Նախարարին զեկուցվեց մայիսի 26-27-ն անցկացվող INSARAG-ի` Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի վարժանքի նախապատրաստական վերջին աշխատանքների մասին: Ս. Ազարյանը զեկուցեց նաև մայիսի 28-ին Սարդարապատում Պաշտպանության նախարարության նախաձեռնած զորահանդեսին ՏԿԱԻ նախարարության մասնակցության մասին: «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը հաղորդեց, որ ավարտին են մոտենում Գառնիի դիտարանի բացման հետ կապված աշխատանքները: ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, զեկուցեց ընթացիկ աշխատանքների մասին: ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Ընդհանուր առմամբ՝ գործել է 520 հակակարկտային կայան, արձակվել՝ 180000 կրակոց: Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։

Նմանատիպ նյութեր