22679 դիտում
11:56 24-05-2015
Ապրե՛ս Գոռ ջան. Մանվել Գրիգորյան. Դուքենդոյի ֆեդերացիան գեներալ Մանվել Գրիգորյանի անվան մրցաշար է անցկացնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դուքենդոյի ֆեդերացիան այսօր` մայիսի 24-ին, «Միկա» մարզադահլիճում անցկացնում է Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի անվան մրցաշար։
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ելույթը ներկայացնում է ստորեւ.
Ողջունում եմ ամենքիս մարզական, երկրապահական այս գեղեցիկ միջոցառման անցկացման կապակցությամբ։
Ողջունում եմ Դուքենդո ֆեդերացիային։ Մարտարվեստի տարբեր ոճերի համադրությամբ ստեղծված այս մարզաձեւն, ինչ-որ առումով, հայկական է։ Մարզաձեւի հիմնադիրն էլ մեր հայրենակից Գոռ Վարդանյանն է։ Ապրե՛ս Գոռ ջան, որ կարողացար մարտարվեստի մեր հայկական առանձնահատկությունների եւ արեւելյան առաջատար դպրոցների փորձի համատեղմամբ ստեղծել մրցունակ, հաջող մի մարզաձեւ, որի հետեւորդներն ամբողջ աշխարհում դարձան բազմահազար մարդիկ։
Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ Դուքենդո մարզաձեւով այսօր զբաղվում են 7 000-ից ավելի հայ մարզիկ, ովքեր լուրջ հաջողությունների են հասնում միջազգային մրցասպարեզներում՝ բարձր պահելով հայ ազգի, Հայաստան պետության պատիվը։
Հարգելի՛ մարզիկներ, ձեզանից շատերն, իհարկե, պաշտոնապես էլ Երկրապահ կամավորականների միության անդամ են, սակայն, ես նշեմ, որ անկախ մեր կառույցին անդամակցությունից՝ դուք բոլորդ էլ երկրապահ եք։ Երկրապահ նշանակում է երկիր պահող, նշանակում է մարդ, ով օրվա 24 ժամն էլ մտածում է երկրին, հայրենիքին, պետությանն, ազգին պիտանի լինելու մասին։ Իսկ մարզիկները, սպորտը Հայաստանում զարգացնող մարդիկ էական ներդրում ունեն երկրի շենացման գործում։ Արցախյան պատերազմի ժամանակ մեր կողքին, զենքը ձեռքին, մարտնչում էին բազում մարզիկներ, այդ թվում՝ աշխարհի եւ եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ։ Սպորտսմեններն առավելություն ունեին ռազմի դաշտում. նրանք ֆիզիկապես առավել պատրաստված էին, ավելի հեշտ էին լեռները բարձրանում, ավելի թեթեւ էին վազում։ Սպորտսմեններն այսօր էլ լուրջ դերակատարում ունեն առողջ սերունդ կրթելու, դաստիարակելու գործում։ Իզուր չի ասված. «Առողջ մարմնում առողջ հոգի»։ Ձեր արած գործը երկրապահություն է։ Դուք հազարավոր հայ մարդկանց սովորեցնում եք լինել ուժեղ, վճռական, կամքի ուժի տեր եւ ամենակարեւորը՝ նպաստում եք, որ երեխաներն առողջ մեծանան։ Ես վստահ եմ, որ Դուքենդո ֆեդերացիան ակտիվորեն կներգրավվի պատանի, երիտասարդ երկրապահների կրթական, ուսուցողական ծրագրերում։ Ձեր փորձն ու հմտությունները շատ պետքական կլինեն մեր պատանիների եւ երիտասարդների համար։
Երկրապահի առաքելությունն է այնպիսի սերունդ դաստիարակելն ու կրթելը, որ ամեն մի վայրկյան պատրաստ լինի պաշտպանել սրբությունները՝ ծնողներին, Աստծուն, հայրենիքը։ Մեր պատանեկան եւ երիտասարդական կառույցներով անցած տղաների եւ աղջիկների համար վերեւում Աստված է, ներքեւում՝ մայրը, իսկ առջեւում՝ հայոց անկախ պետականությունը։ Մենք կյանքի ենք կոչում Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամը, որ երեխան դեռ դպրոցից պետք է ծանոթ լինի մեր ազգի պատմությանը, պետք է իմանա՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ի՞նչ առաքելություն ունենք։ Այս գործում մեզ անգնահատելի աջակցություն է ցուցաբերում ՀՀ նախագահ, մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանը։ Այս գործում մեզ աջակցում են գործընկեր կառույցները, որոնց հետ փոխըմբռնման, համագործակցության հուշագրեր ենք ստորագրել՝ կրթության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների, սոցիալական հարցերի, առողջապահության նախարարություները, ոստիկանությունը, հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Այս գործում մեզ կարող է աջակցել հենց դուքենդո ֆեդերացիան։ Այնպես որ՝ սա դեռ գործակցության սկիզբն է, դեռ հայրենասիրական բազում ծրագրեր ենք միասնաբար կյանքի կոչելու։ Այս «միասնաբար»-ը ես հատուկ կարեւորում եմ, քանի որ միասնական հայությունն անպարտելի է, վկան՝ մեր պատմությունը։
Խոսքիս ավարտին ցանկանում եմ օգտվելով առիթից, որ այս մրցաշարն անցկացվում է հայոց հաղթանակների մայիս ամսում՝ շնորհավորել աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգին մայիսյան տոների կապակցությամբ՝ երկրապահի օրվա, Շուշիի ազատագրման օրվա, ֆաշիզմի նկատմամբ տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա, Հանրապետության օրվա եւ 1918-ի մայիսյան հերոսամարտերի։ Ու քանի որ հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն ենք նշում, մեկ անգամ էլ ամենքիս կոչեմ միասնության։ Հայության համատեղ պայքարը բերելու է այն արդյունքին, որ նույնիսկ Թուրքիան ճանաչի ցեղասպանության փաստն ու ներողություն խնդրի։ Մենք դեռ վերատիրանալու ենք Հայկական բարձրավանդակին։
Իսկ առայժմ՝ բարի երթ մեր մրցաշարին եւ հաջողություններ եմ մաղթում բոլոր մասնակիցներին։
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը՝ մրցաշարից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 423+
423+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
21008 դիտում
11:10 21-04-2016
Ապրե՛ք Դուք, որ կաք. գեներալ Մանվել Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
877 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
892 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»