211652_close_icon
views-count931 դիտում article-date 16:43 23-05-2015

ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվել է առավել մեծ պահանջարկ ունեցող դեղերի գների իջեցումը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հերթական հանդիպման ժամանակ դեղ ներկրող, արտադրող խոշոր ընկերությունների, ինչպես նաև օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարներին նախ տեղեկատվություն տրվեց հուլիսի 1-ին Երևանում մեկնարկվող Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասին։ Համագումարի համանախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ առաջիկա համագումարին կկազմակերպվի 14 սաթելիտային սիմպոզիում և մեկ կլոր սեղան, ինչը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի և Լեռնային Ղարաբաղի ևս 1500 բժիշկների և բուժքույրերի մասնակից լինել աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ հանրաճանաչ մասնագետների դասախոսություններին, ծանոթանալ իրենց ոլորտում աշխարհի նորագույն մոտեցումներին։ Դեղ ներկրող, արտադրող, ինչպես նաև օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարներին հորդերվեց օգտվել ստեղծված հնարավորությունից և ներկայացված լինել համագումարում։ Արմեն Մուրադյանը հավելեց, որ այս տարի Հայաստանի բուժաշխատողի օրը կնշվի համագումարի շրջանակում` մասնակից դարձնելով հայրենիքում գտնվող սփյուռքահայ մեծաթիվ բժիշկներին։ Արա Բաբլոյանը նաև նշեց, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարությունից ուղարկվել է Ազգային ժողով` վստահեցնելով, որ ստեղծվող աշխատանքային խումբն ակտիվ կաշխատի` քննարկումներում ընդգրկելով շահագրգիռ բոլոր կողմերին։ Նպատակն այնպիսի օրենքի ընդունումն է, որը կնպաստի ոլորտի ճիշտ զարգացումներին։ Այնուհետև նախարար Մուրադյանը ներկայացրեց հանդիպման օրակարգը` նշելով, որ, ինչպես միշտ, քննարկվելու են անցած հանդիպումից հետո ընկած ժամանակաշրջանում ծագած հարցերը` փոխադարձ կարծիքների արդյունքում օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով։ Այս անգամ քննարվեցին ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող դեղերի շրջանառության հետ առնչվող հարցեր։ Դեղ ներկրողները բարձրացրել էին նաև դեղերի և կենսաակտիվ հավելումների ներկրման գործում որոշ կանոնակարգումների անհրաժեշտության հարցը։ Այս ուղղությամբ Արմեն Մուրադյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարականներ տվեց գործող օրենսդրական դաշտում դրանք կանոնակարգելու ուղղությամբ։ ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը ներկայացրեց Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության շրջանակում դեղերի շրջանառությանը վերաբերող քննարկումների արդյունքում նախանշված նորմատիվներին, որոնք կգործեն 2016 թվականից։ Քննարկվեցին հայկական դեղարտադրողների և ներկրողների պատշաճ մուտքը ԵՏՄ շուկա ապահովելու նպատակով դրանց նախապատրաստվելու հարցերը։ Ինչպես միշտ, նախարարը կարևորեց բնակչությանը որակյալ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովումը։ «Այս առումով մեր մոտեցումները խիստ են լինելու»,-ասաց Արմեն Մուրադյանը։ Անդրադարձ կատարվեց նաև փետրվարից մինչև այժմ անցած ժամանակաշրջանում օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների կողմից նախարարի հորդորով դեղերի գների կանոնակարգման հարցին։ Արմեն Մուրադյանը կարևորեց հատկապես առավել շատ օգտագործվող, սրտանոթային դեղամիջոցների, հակաբիոտիկների գների իջեցումը։ Նշվեց, որ մի քանի օրից առավել նկատելի կլինեն հատկապես «Bayer»կազմակերպության կողմից վերանայված գները։ «Մենք շարունակելու ենք բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի խոշոր ներկայացուցչությունները որակյալ դեղերը մատչելի գներով ներկրեն Հայաստան»,- ընդգծեց ՀՀ առողջապահության նախարարը` կարևորելով նաև տեղական արտադրության խրախուսումը: Քննարկվեցին նաև դեղերի գրանցմանը, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությունից հետո դեղանյութերի, ռեագենտների և դեղագործական ոլորտում կիրառվող այլ նյութերի ՀՀ տարածք ներմուծմանը վերաբերող և այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր