1197 դիտում
21:31 20-05-2015
Ինչպես 1916 թվականին գերմանական Ռայխսթագում տապալվեց Ցեղասպանության քննարկումը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին Գերմանիայի դաշնային նախագահ Յոախիմ Գաուկը, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթն ու խորհրդարանի բոլոր խմբակցությունները իրենց ելույթներում հայերի ոչնչացումը միակարծիք որակեցին որպես ցեղասպանություն՝ միաժամանակ վկայակոչելով այդ պատմական իրադարձություններում Գերմանական ռայխի ունեցած անփառունակ դերը: Փաստաթղթի մեկ միասնական նախագիծ այդ օրերին, այնուամենայնիվ, չընդունվեց՝ քվեարկությունը հետաձգվեց մինչև ամառ: Հարցը քննարկելու և տեղի ունեցածը գերմանական խորհրդարանում ցեղասպանություն որակելու փորձեր եղել են նաև նախկինում՝ մասնավորապես, 2005 թ.: ArmenianGenocide100.org-ը ներկայացնում է հայերի զանգվածային ոչնչացման հարցի քննարկման առաջին փորձը, որը տեղի էր ունեցել դեռևս կայզերական Գերմանիայում՝ Ցեղասպանության օրերին:
Ռայխսթագի պատգամավոր, Գերմանիայի կոմունիստական կուսակցության ապագա համահիմնադիր Կարլ Լիբկնեխտը 1915թ. դեկտեմբերի 20-ի իր գրավոր հարցումով դիմել էր ռայխսկանցլեր Բեթման Հոլվեգին՝ տեղեկանալու, թե արդյոք Գերմանիայի կառավարությանը հայտնի են դաշնակից Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող զանգվածային ջարդերի փաստերը: 1916թ. հունվարի 11-ին Ռայխսթագի 13-րդ գումարման 26-րդ նիստի ժամանակ հնչեցրած պատասխանը և Ռայխի պատգամավորների բուռն հակազդեցությունը փաստում են, որ այն ժամանակ Գերմանիայի կառավարության և կառավարամետ պատգամավորների համար հումանիստ Լիբկնեխտի կողմից բարձրացվել էր գերմանական կառավարության քիմքին ոչ հաճո հարցապնդում:
Ստորև ներկայացված է Կարլ Լիբկնեխտի գրավոր հարցումն ու հարցման վերաբերյալ տեղի ունեցած կարճ քննարկման սղագրությունը:
Համար 187, գրավոր հարցում համար 12
Պատգամավոր Կարլ Լիբկնեխտը դիմում է ռայխսկանցլերին:
Տեղյա՞կ է արդյոք ռայխսկանցլերը, որ ներկայումս ընթացող պատերազմում դաշնակից թուրքական կայսրությունում հայ բնակչությունը հարյուր հազարներով իր բնակատեղիներից վտարվում և ոչնչացվում է:
Ի՞նչ քայլեր է ձեռնարկել պարոն ռայխսկանցլերը, որ դաշնակից թուրքական իշխանության մեջ արթնանա ապաշխարելու անհրաժեշտությունը, որպեսզի Թուրքիայում հայ ժողովրդի մնացյալ հատվածի դրությունը մարդկային արժանապատվությանը վայել կարգավորվի, ու նման արհավիրքների կրկնությունը կանխվի:
Բեռլին, 20 դեկտեմբերի 1915թ.
Հատված Ռայխսթագի 13-րդ գումարման 26-րդ նիստի սղագրությունից. Բեռլին, 11 հունվարի 1916թ.
Ռայխսթագի նախագահ (Յոհաննես Կամպֆ) – Անցնում ենք օրակարգին: Օրակարգի առաջին մասը կազմում են գրավոր հարցումները: Առաջին հարցումը համար 12-ն է (տպագիր՝ թիվ 187): Հարցումը ներկայացնելու համար խոսքը տրվում է պատգամավոր դոկտոր Լիբկնեխտին:
Liebknecht-Reichstag
Դոկտոր Լիբկնեխտի կողմից ռայխսկանցլերին ուղղված գրավոր հարցումը
Դոկտոր Լիբկնեխտ, պատգամավոր – Տեղյա՞կ է արդյոք ռայխսկանցլերը, որ ներկայումս ընթացող պատերազմում դաշնակից թուրքական կայսրությունում հայ բնակչությունը հարյուր հազարներով իրենց բնակատեղիներից վտարվում և ոչնչացվում է: Ի՞նչ քայլեր է ձեռնարկել պարոն ռայխսկանցլերը, որ դաշնակից թուրքական իշխանության մեջ արթնանա ապաշխարելու անհրաժեշտությունը, որպեսզի Թուրքիայում հայ ժողովրդի մնացյալ հատվածի դրությունը մարդկային արժանապատվությանը վայել կարգավորվի, ու նման արհավիրքների կրկնությունը կանխվի:
Նախագահ – Հարցմանը պատասխանելու համար խոսքը տրվում է կայզերական դեսպանորդ, արտաքին գերատեսչության քաղաքական բաժնի խմբի ղեկավար դոկտոր ֆոն Շտումին:
Դոկտոր ֆոն Շտում, կայզերական դեսպանորդ, արտաքին գերատեսչության քաղաքական բաժնի խմբի ղեկավար – Պարոն ռայխսկանցլերը տեղյակ է, որ Բարձր Դուռը, ելնելով հակառակորդի խռովարար խարդավանքներից, ստիպված է հայ բնակչությանը թուրքական տիրապետության որոշ տարածքներից տեղահանել և նրանց նոր բնակավայրեր ուղարկել: Ձեռնարկած վերոհիշյալ միջոցառումների պատճառով առաջացած որոշակի հետևանքներն այժմ գերմանական ու թուրքական կառավարությունների միջև մտքերի փոխանակման առիթ են դարձել: Մանրամասները տեղեկացման ենթակա չեն:
Դոկտոր Լիբկնեխտ – Ես խնդրում եմ իրավունք տալ՝ լրացում կատարելու հարցմանը: (Դահլիճում աշխուժություն է տիրում ):
Նախագահ – Հարցումը լրացնելու համար խոսքը տրվում է պատգամավոր դոկտոր Լիբկնեխտին:
Դոկտոր Լիբկնեխտ – Հայտնի՞ է պարոն ռայխսկանցլերին, որ պրոֆեսոր Լեփսիուսը Թուրքիայի հայերի ուղղակի ոչնչացման մասին է խոս… (Նախագահի զանգը: Զեկուցողը փորձում է շարունակել խոսքը: Դահլիճից հնչում են «Լռությու՛ն, լռությու՛ն» բացականչություններ):
Նախագահ – Պարո՛ն պատգամավոր, սա նոր հարցում է, որը ես չեմ կարող թույլատրել:
Դոկտոր Լիբկնեխտ – Պարո՛ն նախագահ, անցե՛ք կանոնակարգին: Խնդրեմ, կանոնակարգը:
Եթե պարոն նախագահը հարցումը մինչև վերջ լսեր, ի վիճակի կլիներ որոշել (դահլիճում կրկին աշխուժություն է սկսվում)՝ արդյոք խոսքը նոր հարցման մասին է, թե ոչ: Ի դեպ պետք է ընդգծել, որ պարոն նախագահն ինքնակամ չվճռեց (կրկին լսվում են բացականչություններ), որ նոր հարցում է առաջադրված, այլ դահլիճի արձագանքից ելնելով:
Նախագահ – Պատգամավոր դոկտոր Լիբկնեխտ, ես արգելում եմ իմ կանոնակարգի նկատմամբ նման քննադատություն: (Բուռն ծափահարություններ): Անցնում ենք օրակարգի հաջորդ գրավոր հարցմանը…
Նմանատիպ նյութեր
1471 դիտում
14:10 01-09-2022
Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէ. Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Ալիևի հետ հանդիպման մասին
4356 դիտում
10:01 05-06-2020
Ինչպես Զարուհի Բաթոյանը հուսախաբ արեց իր թիմին, և ինչու տապալվեց Զեյնալյանի նախագիծը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1201 դիտում
13:11 05-01-2025
Սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում նաև բուք, ճանապարհներին մերկասառույց
1498 դիտում
11:40 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ
1609 դիտում
11:29 05-01-2025
Այսօր Սուրբ Ծննդի Ճրագալույցն է, կմատուցվի Սուրբ Պատարագ