Ջոհար Ցարնաևը դատապարտվեց մահապատժի
Բոստոնի մարաֆոնի ահաբեկչության մեջ մեղավոր ճանաչված 21-ամյա Ջոհար Ցարնաևի նկատմամբ դատարանը մահվան դատավճիռ է կայացրել, հաղորդում է Tass գործակալությունը:
12 դատավորներից բաղկացած խումբը 14,5 ժամյա քննարկումից հետո կայացրել են նշված որոշումը: Լրագրողներին թուըյլ չի տրվել մտնել դատարանի դահլիճ, իսկ այդ ընթացքում դատարանի շենքի մոտ մի քանի տասնյակ մարդ է հավաքվել:
France Press-ի փոխանցմամբ՝ մահապատիժն իրականացվելու է հատուկ ներարկման միջոցով:
Հիշեցնենք, որ 12 վայրկյան տարբերությամբ իրար գաջորդող 2 ահաբեկչություններն իրականացվել էին 2013 թվականի ապրիլի 15-ին՝ Բոստոնի կենտրոնում: Պայթյուններից ստացած վնասվածքներից մահացել էր 3 մարդ, ևս 260 հոգի ստացել էին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Ոստիկանությունը մի քանի օր անց հայտնաբերել էր Ցարնաև եղբայրներին: Ավագ Ցարնաևը սպանվել էր ոստիկաններին դիմադրություն ցույց տալու ժամանակ, իսկ կրտսերը ստացել էր հրազենային վնասվածքներ և ձերբակալվել:
Չնայած 30 տարուց ավելի է, ինչ Բոսթոնում արգելվել է մահապատիժը, սակայն Ցարնաևի դեպքում դատավճիռը կայացվեց Դաշնային օրենսդրությամբ: