1295 դիտում
19:28 14-05-2015
Հայկական երաժշտության երեկո Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում
Մայիսի 11-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի մեծ համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանից ժամանած մի քանի տասնյակ երաժիշտների «Երիտասարդները հանուն խաղաղության» խորագրով համերգը, որը կազմակերպվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ՝ Տուքեի երաժշտական փառատոնի և «Էքսպրեսս» պարբերականի աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական ներկայացուցիչներ, կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական, հասարակական-քաղաքական շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ, հարյուրավոր երաժշտասերներ:
Համերգի բացման իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը նշեց. «Երիտասարդները հանուն խաղաղության» խորագիրը դեպի ապագա միտված ուղերձ է, որն այսօր մենք ցանկանում ենք հնչեցնել ժողովուրդների միավորումը խորհրդանշող այս դահլիճի բեմից: Ժողովուրդների երկխոսության այս վայրում, քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, չպետք է տեղ լինի պատմության խեղաթյուրման և պրոպագանդայի համար, ինչին, ցավոք, երբեմն ականատես ենք լինում»:
«Մարդկությունը վերապրել է երկու համաշխարհային պատերազմ, որոնց քողի տակ ստեղծվել են պայմաններ մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու, որոնց թիրախն են եղել երկու հինավուրց ժողովուրդներ: Եվ դեռ այսօր էլ մեր աչքի առաջ տեղի են ունենում մշտական պատերազմական ճգնաժամներ, որոնք հաղթահարելու անկարողությունը ստիպում է մեր հայացքներն ուղղել դեպի գալիք սերունդներ: Այո՛, անպայման պետք է գա այն օրը, երբ մարդկությունը կգիտակցի, որ պատերազմում բոլորն են պարտվում, և որ մարդկության գլխավոր պայքարը պատերազմների դեմ մղվող համատեղ պայքարն է», - իր խոսքում ընդգծեց դեսպան Չիտեչյանը:
Հայկական դրոշի գույներով լուսավորված դահլիճը բուռն ծափահարություններով ուղեկցեց ողջ համերգը, որի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Ռավելի, Ալեքսանդր Հարությունյանի, Արտեմի Այվազյանի ստեղծագործությունները` ֆրանսահայ մաեստրո Ժորժ Պեհլիվանյանի ղեկավարությամբ և «Միրզոյան» լարային քառյակի, դուդուկահար Գևորգ Դաբաղյանի, երաժիշտներ Արման Առուշանյանի, Արա Սահակյանի, Դավիթ Գյուլմիրյանի, ամերիկահայ սոպրանո Էլիզաբեթ Պեհլիվանյանի, Հայաստանի ֆրանսիական միջազգային դպրոցի և Երևանի «ԱՅԲ» դպրոցի պատանեկան երգչախմբերի կատարմամբ:
Համերգի շրջանակներում կայացավ Կոմիտասի և Դանիել Վարուժանի տեքստերի հիման վրա հայ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հեղինակած «Անդաստան» օրկեստրալ ստեղծագործության պրեմիերան:
«Երիտասարդները հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում համերգների շարքը կշարունակվի Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, իսկ եզրափակիչ համերգը տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հունիսի 3-ին՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Հայաստանից ժամանած մի շարք երաժիշտների մասնակցությամբ:
Նմանատիպ նյութեր
1136 դիտում
17:17 11-03-2016
Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացված ցուցահանդեսին
13789 դիտում
23:06 30-11-2017
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվել է ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը
1755 դիտում
23:07 26-06-2019
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը ՖՄԿ կենտրոնակայանում ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի բյուրոյի անդամներին
Այս բաժնից
703 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին