211652_close_icon
views-count1291 դիտում article-date 17:55 08-05-2015

Ինչի՞ մասին է լռում բանավեճը. Պարարվեստի անտագոնիզմը. 168.am

[url=http://168.am/2015/05/07/488753.html]168.am-ը[/url] գրում է. Տևական ժամանակ է` ականատեսն ենք պարարվեստի գործիչների բանավեճին, որի առերևույթ առարկան դպրոցներում պարի դասավանդման փորձնական ծրագիրն է, թեև բանավեճի ընդհանուր հռետորաբանությունից և շեշտադրումներից ակնհայտ դարձավ, որ պարարվեստի ոլորտում ևս «հին հաշիվներ» կան, և, որ բանավեճն իրականում շատ ավելի խոր պատճառներ ունի։ Հենց դրանք են ստիպում անդրադառնալ այս բանավեճին, քանի որ նրա հիմքում հայկական հերթական «հացի խնդիրը» չէ։ Նախ` պետք է ընդգծել, որ բանավեճը (եթե հաշվի չառնենք կրթվածության և դաստիարակության պակասի բացահայտումը, որը դրսևորվեց առանձին գնահատականներում, օրինակ` կասկադյան վիժվածքներ, թրիքոտ պարեր ևն) ամեն դեպքում դրական է, քանի որ, ինչպես և գրեթե բոլոր ոլորտներում, մրցակցության և հետևաբար նաև` զարգացման հեռանկար է ստեղծում։ Մյուս կողմից` բանավեճը բացահայտում է խնդիրների մի ամբողջ համակարգ, որը քննարկման կարիք ունի։ Խնդիրներից առաջինը, որը բանավեճի իրական-խորքային պատճառն է, վերաբերում է հենց պարարվեստի գործիչների կողմից պարարվեստի ընկալմանը։ Մի կողմից` տեսնում ենք մարդկանց, ովքեր համապատասխան կրթություն են ստացել, եղել են «երիտասարդ, խոստումնալից», հետո անցել են կարիերայի հաջորդ աստիճաններով ևս ու այժմ ունեն վարչական ռեսուրսներ, պետական պատվերներ, ուսանողներ, մասնավոր խմբեր, համերգներ, հաղորդումներ. մեծ հաշվով` պարարվեստն ընկալում են` որպես արհեստ, այսինքն` հանապազօրյա հաց վաստակելու միջոց, հետևաբար` այո՛, նրանք արհեստավարժներ են։ Բանավեճի մյուս կողմում տեսնում ենք Գագիկ Գինոսյանին, ում համար պարն ինքնաճանաչման ճանապարհ է, որի ապացույցը հենց ինքն է. հայկական ոգին փնտրող կիբեռնետիկ-ազատամարտիկն այն գտնում է ազգային երգ ու պարում և գլխավորապես սեփական խանդավառության ու նվիրումի շնորհիվ սկսում հավաքել ու տարածել հայկական երգն ու պարը։ Սա ընթացող բանավեճի թիվ մեկ` նուրբ ու հոգեբանական խնդիրն է. բանավիճող կողմերն առաջին հայացքից` նույն բանն են անում` տարածում են ազգային պարը, բայց մեկի մոտ մարդ ինքը պետք է գնա, մյուսն ինքն է ներխուժում մարդու կյանք։ Հազարավոր երիտասարդներ, վերջին տարիներին ներկա լինելով Կասկադի միջոցառումներին, պատահաբար հայտնաբերել են, որ իրենք ունեն ազգային պարի կարիքը։ Նշածս առաջին խնդրից` պարի ընկալումից է գալիս երկրորդ բախումը. վերոհիշյալ ընկալմամբ արհեստավարժությունը մերժում է կամավորությունը, յուրաքանչյուր աշխատանք պետք է վարձատրվի։ Այլ է քարոզչի նպատակը. հետևորդների շրջանակն ինքնին ամենամեծ վարձատրությունն է։ Սրանից էլ բխում է դպրոցական փորձնական ծրագրի հանդեպ վերաբերմունքը. մի կողմը դեմ է, քանի որ հատուկ ռեսուրսներ ու ֆինանսավորում չեն տրամադրվում ծրագրի իրագործմանը, մյուս կողմը փորձում է եղած միջոցներով քարոզել ազգային երգն ու պարը։ Հետևաբար` սա նաև մտածողության խնդիր է։ Բայց պարարվեստի գործիչների բանավեճի առանցքը միայն պարարվեստին չի վերաբերում, այն շատ ավելի ընդգրկուն է ու կարևոր։ Բանավեճի մասնակիցները տարբեր կերպ են հասկանում հայկական պար եզրույթը, իսկ դա նշանակում է, որ բանավեճի հիմքում, մեծ հաշվով, ազգայինի որոնումն է և ձևակերպումը։ Կարեն Գևորգյանը և նրան սատարողները վստահ են, որ առանց դասական պարի հիմքի` չի կարող լինել հայկական պար, այսինքն` յուրաքանչյուր պարատեսակ պետք է դասական (ասել է թե` եվրոպական-արտաքին) վերամշակման ենթարկվի։ Իսկ ըստ Գագիկ Գինոսյանի` պարի վերամշակումը թույլատրելի է միայն իր ներքին տրամաբանությամբ, այսինքն` ոչ թե ներառման, այլ արտազատման-մաքրման մեթոդով։ Եվ հենց սա է պատճառը, որ Գինոսյանը չի բաժանում երգը պարից, այլ պահանջում է, որ դպրոցում այն դասավանդվի միասին, այսինքն` այնպես, ինչպես մեր ժողովուրդը փոխանցել է այն դարերով։ Իրականում հենց այստեղից է սկսվում բովանդակային բանավեճը։ Ո՞րն է ազգայինը, ինչպե՞ս սահմանել այն և, հետևաբար` ինչպե՞ս է պետք վերամշակել այն։ Եվ արդյո՞ք Կարեն Գևորգյանն այն ինտելեկտուալն է կամ փիլիսոփան, որ կարող է սահմանել այս խնդիրը։ Հեռվից հեռու տեսանելի է, որ նա ժամանակին լավ կամ վատ սովորել է այն, ինչն իրեն սովորեցրել են ավագները, և հիմա դա, լավ կամ վատ, փոխանցում է հաջորդներին։ Բայց արդյո՞ք նա այն մարդն է, ում կարելի է վստահել նման կարևոր հարցի պատասխանը և չվախենալ հետագայում խաբված լինելու փաստի առաջ կանգնելուց։ Հայ ժողովրդի ամենից թանկ հարստություններից մեկը նրա էպոսն է, որի գլխավոր արժեքը հենց չմշակվածությունն է։ Էպոս ունեցել են աշխարհի բազմաթիվ ազգեր, սակայն պատմական տարբեր փուլերում տարբեր, հաճախ հանճարեղ անհատներ մշակել են դրանք` դարձնելով պոեմ, վեպ, դրամա, որից հետո բանահյուսական բուն տեքստը կորստյան է դատապարտվել, ու այդ ժողովուրդները կորցրել են իրենց հարստությունը, որովհետև ինչքան էլ անհատ ստեղծագործողը հանճարեղ լինի, միևնույն է, չի կարող պահպանել ժողովրդական ստեղծագործության բազմաշերտությունը (լավագույն օրինակը Թումանյանի մշակումն է, որը թումանյանական փիլիսոփայության և գեղագիտության մարմնավորումներից է, բայց այլևս էպոս չէ)։ Ժողովրդական հարստությունը պահպանելու մյուս մեծ օրինակը Կոմիտասն է, ով վերադարձրեց հայ ժողովրդին ազգային երգը, բայց այդ մշակումների հիմքում դրեց ոչ թե արևմտաեվրոպական երաժշտական համակարգը, այլ հենց հայկականը։ Գագիկ Գինոսյանը հստակ հարց է ձևակերպել. դպրոցում երեխաները պետք է սովորեն ազգային երգ ու պար առարկան, քանի որ երկուսը մի ամբողջություն են, և նրանց տարանջատումը բաց տարածք է առաջացնում` ռաբիսի և հյուսիսկովկասյան պարերի համար։ Սա, կարծում եմ, նման է հանրակրթական մաթեմատիկա առարկային. պատկերացրեք, որ բարձրագույն հանրահաշվի կամ կոդերի տեսության պրոֆեսորները դեմ ելնեին մաթեմատիկայի դպրոցական ծրագրին։ Եթե հակառակ կողմի հիմնավորումը միայն նա է, որ իրենց ամբիոնը չի կարող համապատասխան կադրեր պատրաստել, ապա պետք է անել ճիշտ հակառակը. պետք է վերակազմավորել Մանկավարժական համալսարանի ամբիոնը, որպեսզի նա կարողանա դպրոցի համար կադրեր պատրաստել։ ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ-ՏԵՐՅԱՆ Հ.Գ. Ստեղծվել է շատ պատեհ իրավիճակ` անձնական հավակնություններից վեր կանգնելու և շատ ավելի լուրջ խնդիրներ քննարկելու համար։ Ե՛վ Կարեն Գևորգյանին, և՛ Գագիկ Գինոսյանին ու նրանց համախոհներին հրավիրում եմ հրապարակախոսական բանավեճի, որից անկասկած միայն շահելու է հայկական մշակույթը։

Նմանատիպ նյութեր