Շիրակի մարզպետը հրահանգել է զերծ մնալ դրամահավաքից
Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:
Խորհրդակցության առանցքային թեման ավարտական տարվա ու վերջին զանգի միջոցառումների կազմակերպման հետ կապված խնդիրներն են եղել: Ֆելիքս Ցոլակյանը կարևորելով «Վերջին դաս» միջոցառման բարձր մակարդակով անցկացումը, խստորեն հրահանգել է զերծ մնալ դրամահավաքից:
Անդրադառնալով ուսումնական հաստատությունների ներքին կարգապահական աշխատանքներին, փաստաթղթային ու աշխատանքային գործընթացներին, Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ անթույլատրելի է, երբ երկար տարիներ աշխատող տնօրենի մոտ ստուգման արդյունքում պարզունակ թերացումներ են հայտնաբերվում:
Շիրակի մարզպետը հորդորել է դպրոցների տնօրեններին հասարակական կյանքի առավել ակտիվ մասնակիցը դառնալ: Շիրակի մարզպետն անդրադարձել է դպրոցներում և դրանց հարակից տարածքներում մաքրությանը` կարևորելով ծառատնկման ու կանաչապատման աշխատանքները: