2405 դիտում
13:38 06-05-2015
«Բարսելոնա»-«Բավարիա». Հին եւ նոր հաշիվներ
Այսօր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում կատալոնական «Բարսելոնան» կընդունի Մյունխենի «Բավարիային»:
Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Հանդիպման գլխավոր մրցավարն է իտալացի Նիկոլա Ռիցոլին:
Այս դիմակայության հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է: Շատերը այն որակել են հսկաների բախում: Երկու թիմերն էլ ներքին առաջնություններում վստահ են հանդես գալիս: «Բավարիան» արդեն նվաճել է Գերմանիայի չեմպիոնի կոչումը, իսկ «Բարսելոնան» շարունակում է առաջատար մնալ Իսպանիայի առաջնությունում: Շատերը հենց այս երկու թիմերին են համարում ՉԼ-ի հաղթողի հիմնական թեկնածուներ եւ ենթադրվում էր, որ նրանք կհանդիպեն եզրափակիչում, սակայն վիճակահանությամբ նրանց բախտ է վիճակված երկու անգամ հանդիպել:
«Բավարիան» մեծ կորուստներով է մոտենում հանդիպմանը: Վնասվածքների պատճառով այս դիմակայությունը բաց կթողնեն թիմի առաջատար մի շարք խաղացողներ. Արիեն Ռոբենը, Ֆրանկ Ռիբերին, Դավիդ Ալաբան: Վնասվածք ունի նաեւ Բադշտուբերը: Կասկածի տակ է հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու մասնակցությունը, որը քթի կոտրվածք էր ստացել Գերմանիայի առաջնության վերջին տուրում: Սակայն լեհ հարձակվող մտադիր է գոնե դիմակով մասնակցել հանդիպմանը: Բայց միեւնույն է. «Բավարիայի» երկրպագուները միայն հաղթանակ են ակնկալում. քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» նույնիսկ առաջատարների բացակայությամբ ուղղակի ջախջախեց «Պորտուին»՝ 6:1 եւ ցույց տվեց իր ողջ ներուժը: Գումարած դրան, ո՞վ, եթե ոչ մյունխենցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հինգ մատի պես գիտի ներկայիս «Բարսելոնային», որի հիմքերը հենց ինքն է դրել, գիտի նրա բոլոր թույլ եւ ուժեղ կողմերը: Այս դիմակայությունը Գվարդիոլայի համար՝ թերեւս վերջին տարիների գլխավոր քննությունը կդառնա:
Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա պատկերավոր ասած, արդեն տեւական ժամանակ կատալոնական ակումբը ֆուտբոլ հնարողին է «փնտրում»: Լուիս Էնրիկեն երկար ամիսների պրպրտումներից հետո ի վերջո կարողացավ ներդաշնակություն մտցնել թիմի խաղային բոլոր օղակներում, հղկեց, «յուղեց» թիմի բոլոր մասերը եւ գործարկեց շարժիչը: Իսկ շարժիչը հարձակման հրաշալի եռյակն է՝ Մեսի-Նեյմար-Սուարես: Ներկայումս այս եռյակը աշխարհում իրեն հավասարը չունի. թե հզորությամբ, թե համագործակցությամբ, վարպետությամբ: Պաշտպանական ոչ մի գիծ այսօր ի զորու չէ կանգնեցնել այս եռյակին: Դա նույնիսկ Գվարդիոլան է խոստովանել: Միայն Չեմպիոնների լիգայում եւ Իսպանիայի առաջնությունում այս եռյակի խաղացողները միասին 96 գոլ են խփել: Բացի այդ, «Բարսելոնան» հին հաշիվներ ունի «Բավարիայի» հետ: Ընդամենը երկու տարի առաջ՝ 2013 թվականին, Չեմպիոնների լիգայի նույնպես կիսաեզրափակիչում «Բավարիան» նվաստացրեց կատալոնական ակումբին՝ ընդհանուր 7:0 հաշվով: Այժմ «Բարսելոնայի» համար վրեժխնդիր լինելու հիանալի պահ է եկել:
Պատահական չէ, որ բուքմեյքերական ընկերությունները այս դիմակայությունում բացահայտ ֆավորիտ են համարում «Բարսելոնային», որի հաղթանակի գործակիցը գնահատվում է 1,7, ոչ-ոքին՝ 4,0, իսկ պարտությունը՝ 5,0 գործակցով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2190 դիտում
12:34 16-06-2016
Եվրո-2016. Գերմանիա-Լեհաստան` հին հաշիվներ. Գուդվինի կանխատեսումը. տեսանյութ
2507 դիտում
22:08 05-05-2022
Մոհամեդ Սալահ. Մենք «Ռեալի» հետ հին հաշիվներ ունենք
Այս բաժնից
2458 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2809 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
4117 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային