211652_close_icon
views-count940 դիտում article-date 12:14 05-05-2015

«Յուվենտուս»-«Ռեալ». այսօր կկայանա ճակատամարտերից առաջինը

Այսօր Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում սեփական հարկի տակ կհյուրընկալի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին»: Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Հանդիպման գլխավոր մրցավարն է Մարտին Ատկինսոնը: Երկու թիմերն էլ հանդիպմանը մոտենում են լավ տրամադրությամբ: «Յուվենտուսը» արդեն ապահովել է Իտալիայի չեմպիոնությունը եւ ներքին առաջնությունում թեթեւ ռեժիմով է խաղում՝ խնայելով ուժերը ՉԼ-ի համար: Թիմը ունի մեկ լուրջ կորուստ. վնասվածքի պատճառով «Ռեալի» հետ հանդիպումը բաց կթողնի թուրինցիների առաջատարներից մեկը՝ կիսապաշտպան Պոլ Պոգբան: Վնասվածք ունի նաեւ Մարտին Կասերեսը: «Ռեալը» Իսպանիայի առաջնության վերջին տուրում՝ արտագնա ծանր պայքարում կարողացավ հաղթել «Սեւիլյային»՝ 3:2 եւ շարունակում է հետապնդել «Բարսելոնային»: Սակայն մադրիդցիների կազմում կորուստները ավելի լուրջ են: Գլխավորը թիմի կիսապաշտպան, խորվաթ Լուկա Մոդրիչի բացակայությունը կլինի, քանի որ նրան լիարժեք փոխարինող «Ռեալում» չկա: Հանդիպումը բաց կթողնի նաեւ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, բայց նրա դիրքում հանդես եկող մեքսիկացի հարձակվող Չիչարիտոն իրեն առայժմ հիանալի է դրսեւորում: Ինչ վերաբերում է բուքմեյքերական գրասենյակների կանխատեսումներին, ապա գրեթե բոլորը մի փոքր առավելություն են տալիս արքայական ակումբին: Մասնավորապես, «Մարաթոն» բուքմեյքերական ընկերությունը «Ռեալի» հաղթանակը գնահատել է 2.55 գործակցով, «Յուվենտուսինը»՝ 3.14, իսկ ոչ ոքին՝ 3.28:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր