211652_close_icon
views-count676 դիտում article-date 14:34 04-05-2015

Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում. նախարար Արմեն Երիցյանը կայցելի Գեղարքունիքի մարզ

Մայիսի 4-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Մայիսի 5-ին նախատեսվում է ՏԿԱԻ նախարարի այց Գեղարքունիքի մարզ, որտեղ նախարար Երիցյանը կմասնակցի մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը, կայցելի սահմանամերձ գյուղեր, խորհրդակցություն կանցկացնի համայնքների ղեկավարների հետ: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 269 դեպքի: «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցեց ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Ծառայության աշխատակիցները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցներում սեյսմիկ պշտպանության վարքականոնների մասին դասընթացներ են անցկացրել: ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, զեկուցեց ընթացիկ աշխատանքների մասին: ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: 304 հակակարկտային կայանների գործարկման և 76500 կրակոցի արդյունքում՝ չեզոքացվել է հանրապետության տարածքում սպասվող կարկտի վտանգը: Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների և ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները: ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր Կ. Ոսկանյանը ներկայացրեց ակադեմիայի աշխատանքները: Ապրիլի 29-ին՝ պարի միջազգային օրվան նվիրված փառատոնին իրենց մասնակցությունն են ունեցել նաև ՃԿՊԱ «Ակադեմիա.911» պարային համույթը՝ քաղաքապետ Տ. Մարգարյանի կողմից արժանանալով շնորհակալագրի: Ակադեմիայի սաների հաջորդ ձեռքբերումը «Հիշում ենք և պահանջում» խորագրով գրական-երաժշտական յուրօրինակ բեմականացումն է: Ակադեմիայի սաները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իրենց բեմադրությունը կներկայացնեն նաև դպրոցներում: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։

Նմանատիպ նյութեր