211652_close_icon
views-count610 դիտում article-date 14:17 30-03-2015

Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում. նախարար Երիցյանը կայցելի Սյունիքի մարզ

Մարտի 30-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը: Խորհրդակցության սկզբում նախարարն անդրադարձավ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրին, որը կգործարկվի 3 մարզում: Մարտի 31-ին նախարար Ա. Երիցյանը խորհրդակցություն կանցկացնի Վայքում, ապա կայցելի պիլոտային ծրագրում ընդգրկված Սյունիքի մարզի 8 համայնքները: Այցի նպատակն է հանդիպել համայնքի բնակիչների հետ՝ համայնքների խոշորացման ծրագիրը քննարկելու և գյուղացիներին հուզող հարցերին պատասխանելու նպատակով: «Մարդկանց հետ հարկավոր է բացատրական աշխատանքներ տանել, թե ինչ է խոշորացումը և ինչին է այն միտված, որպեսզի գյուղացին իմանա, թե ինչի համար է քվեարկելու: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր համայնքների կենսամակարդակը բարձրանա»,-նշեց Ա. Երիցյանը: Նախարարը մասնակցելու է նաև Սյունիքի մարզխորհրդի նիստին: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 224 դեպքի: Նախարարին զեկուցվեց նաև «ՀՀ-ում քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքների մասին: ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը՝ նշելով, որ ապրիլի 1-2 ջերմաստիճանը կբարձրանա: Բավարար ձյունածածկի արդյունքում՝ Ախուրյանի ջրամբարը լցվել է գրեթե 80%-ով: Ծառայության պետը հաղորդեց նաև, որ հանրապետության տարածքում կշարունակվեն գարնանային տեղումներ: Միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների մասին ամփոփ տվյալները: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվեց նաև մարզերում անցկացվող ուսումնավարժանքների մասին: Նախարար Ա. Երիցյանն անդրադարձավ նաև մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնների աշխատանքներին: Ապրիլից բոլոր մարզերում նախատեսվում են կենտրոնների բացման արարողություններ: Մարզային ՃԿԿ-ների արդյունավետ աշխատանքն ապահովում են փորձառու մասնագետներն ու նորագույն տեխնոլոգիաները:

Նմանատիպ նյութեր