1032 դիտում
16:17 23-04-2015
Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և հետևանքների վերացումը իրավական լուծումներ է պահանջում. Հրանուշ Հակոբյան
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթը «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովում.
Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի նախագահ պարո´ն Հարությունյան,
Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
տիկնա՛յք և պարոնա՛յք,
Սիրով ողջունում եմ Ձեզ Երևանում, հայտնում խորին շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը, եկաք մասնակիցը դառնալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում կազմակերպվող իրավաբանների համահայկական, միջազգային երրորդ համաժողովին:
Այս օրերին ողջ աշխարհում հայ ժողովուրդն իր բարեկամ ժողովուրդների հետ ոգեկոչում է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվում են հայտարարություններ, բանաձևեր, օրենքներ, գումարվում են գիտական համաժողովներ:
Համազգային ցավի, համախմբման և վերածննդի այս պահին մեզ հետ են բազմաթիվ երկրների, կառույցների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, մտավորականներ, լրագրողներ։
Մեծագույն իրադարձություն էր հատկապես ապրիլի 12–ին Հռոմի Պապի կողմից տրված պատարագը։ Այն արդարության, ճշմարտության, համերաշխության ու բարության մեծ Դաս է` ուղղված կեղծիքի, ստի, ժխտողականության որդեգիր Թուրքիային։
Որպես համաշխարհային հեղինակություն՝ Պապը հենվեց իր նախորդների տեսակետների, Վատիկանի արխիվների, պատմական փաստերի ու վկայությունների, միջազգային իրավունքի դրույթների վրա և ո´չ միայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, այլև հորդորեց Թուրքիային` առերեսվել իր պատմության հետ, արմատախիլ անել չարիքը, որպեսզի այլևս երբեք և որևէ տեղ չկրկնվի այն։
Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և հետևանքների վերացումն ունի ազգային, քաղաքական, իրավական, հոգեբանական, բարոյական, պատմական, քարոզչական ասպեկտներ, սակայն այն իրավական լուծումներ է պահանջում, նաև Ձեր օգնությամբ և հետազոտություններով:
ՄԱԿ–ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան ցեղասպանությունը կամ գենոցիդը որակվում է որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:
Այն ազգային, էթնիկական, ռասսայական կամ կրոնական հատկանիշներով բնակչության առանձին խմբերի բնաջնջումն է, ծանր վնասվածքներ կամ մտավոր խանգարում պատճառելը, ծննդաբերությունն արգելակող միջոցառումների մշակումն ու իրականացումը, երեխաների բռնի փոխանցումն այլ մարդկային խմբի և այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք հանգեցնում են այդ խմբերի մասնակի կամ լրիվ ֆիզիկական ոչնչացմանը: Այն նաև հրեաների Հոլոքոստին, սլավոնների՝ ռուսների, լեհերի, չեխերի, սլովակների, գնչուների կոտորածներին է բնորոշ:
Այսպիսով, կոնվենցիայի բոլոր որակումները բնորոշ են Հայոց ցեղասպանությանը։
Բոլորին է հայտնի, որ 20-րդ դարի սկզբին երիտթուրքերը, շարունակելով սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի որդեգրած պետական քաղաքականությունը, ծավալեցին սահմռկեցուցիչ գործունեություն՝ Արևմտյան Հայաստանում և կայսրության մյուս շրջաններում բնակվող հայերի և քրիստոնյա մյուս համայնքների ոչնչացման ուղղությամբ:
Հայոց ցեղասպանությունը տարբեր շրջափուլեր անցավ՝ հայերի բռնի իսլամացում, տեղահանություններ, մտավորականների ու հոգևորականների զանգվածային կոտորածներ, զորակոչի պատրվակով չափահաս տղամարդկանց սպանություն, որբերի որդեգրում, կանանց բռնի ամուսնություններ…
1915 թվականի ապրիլի 24-ը այդ եղեռնագործ քաղաքականության կիզակետն էր: Ցեղասպանվեց և հայրենազրկվեց իր հողի վրա դարերով ապրող ու արարող մի ամբողջ ժողովուրդ` 1.5 մլն մարդ, ոչնչացվեց 2000-ից ավելի եկեղեցի, դպրոց, կենտրոն. տեղի ունեցավ մշակութային եղեռն:
1915թ–ի օգոստոսին արդեն Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթը հայտարարեց, որ Հայկական հարց այլևս գոյություն չունի, և որ իրեն հաջողվեց «երեք ամսում անել ավելին, ինչ չէր կարողացել անել Աբդուլ Համիդը երեսուն տարում»[1]։ Արաբ իրավաբան Մեթր Մուսա Պրենսը հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի իրականացրած եղեռնագործությունն անվանել է «Արմենոցիդ», որը բառացի նշանակում է «Հայասպանություն»:
Հենրի Մորգենթաուի խոսքերով ասած՝ «Թուրքիան մահվան վկայական էր տալիս մի ողջ ժողովրդի», սակայն, ինչպես նկատել է Անատոլի Ֆրանսը, մի ժողովուրդ, որ չի ցանկանում մեռնել՝ չի մեռնում: 1916 թվականին Ֆրանսը գրել է. «Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց նա կվերածնվի: Հայ ժողովրդից մնացել է մի բուռ սրբազան արյուն, որից ծնվելու է մի հերոսական սերունդ»:
Հայոց ողբերգության միջազգային իրավական առաջին արձագանքը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի` 1915թ–ի մայիսի 24–ի համատեղ հայտարարությունն է, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնություններն ու կոտորածները բնորոշվեցին որպես «հանցագործություն ընդդեմ մարդկության և քաղաքակրթության», որը հետագայում միջազգային իրավունքում անուն ստացավ` ցեղասպանություն։
Հետագայում Փարիզյան համաժողովի, ապա Սևրի պայմանագրի և Սան-Ռեմոյի կոնֆերանսի առաջարկի համապատասխան ԱՄՆ-ի 28-րդ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը մնաց անկատար:
Հարգելի´ ներկաներ,
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պետությունները ենթակա են միջազգային իրավական (քաղաքական, նյութական և բարոյական) պատասխանատվության, իսկ անհատները՝ քրեական պատասխանատվության ու պատժի:
Միջազգային իրավունքի համաձայն՝ Ցեղասպանության հանցակազմում պարունակվող գործողությունների համար անպատիժ մնալն անթույլատրելի է և հղի է ծանր հետևանքներով:
Անընդունելի են ցեղասպանության ժխտումը, ցեղասպանության համար պատասխանատվության ուրացումը, ցեղասպանության փաստը լռության մատնելը, քողարկելը, նսեմացնելը կամ արդարացնելը՝ որպես հանցագործության անպատժելիության շարունակություն և նոր ցեղասպանությունների խրախուսում:
Ինչպես նկատել է խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Հոլոքոստը վերապրած գրող Էլի Վիզելը. «Թուրքական ժխտողականությունը կրկնակի սպանություն է, քանի որ այն ջանում է սպանել նաև իրադարձության հիշողությունը: Սակայն, հիշողությունը սպանելն անհնար է, և Հայոց ցեղասպանությունից մեկ հարյուրամյակ անց հայ ժողովուրդը առաջադեմ մարդկության հետ միասին հիշում, հիշեցնում և պահանջում է»:
Համամիտ ենք այն գիտնականների հետ, որոնց պնդմամբ ցեղասպանության մասին կոնվենցիան ունի հետադարձ ուժ, այլապես այն չէր կարող տարածվել նաև Հոլոքոստի վրա։
Մյուս կողմից չճանաչելով Հայոց ցեղասպանությունը և միջազգային իրավական պատասխանատվության չենթարկելով, ցավոք, ցեղասպանության հետևանքները շարունակվում են նաև կոնվենցիայի ընդունումից հետո:
Այսպես Թուրքիայում շարունակվում են.
ա/ հայ ժողովրդի ստեղծած մշակութային կոթողների՝ հուշարձանների, եկեղեցիների, այլ պատմական արժեքների դիտավորյալ ոչնչացումը,
բ/ Թուրքիայի ժխտողական, կեղծարար քաղաքականությունը, պատմության ուրացումը, խեղաթյուրումը,
գ/ Հայաստանի շրջափակումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից,
դ/ աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների ոտնահարումը,
ե/ հետևողականորեն 2.5–3 մլն իսլամացած և ծպտյալ հայերի ինքնության ոչնչացումը:
Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության միջազգային-իրավական ինքնության շարունակողն է, ուստի ո´չ միայն պետք է կրի միջազգային-իրավական պատասխանատվություն Հայոց ցեղասպանության համար, քանի որ իրավահաջորդ պետությունը պատասխանատու է իրավանախորդ պետության արարքների համար, այլև վերը թվարկված գործողությունների համար, որ իրականացնում է այսօր:
Պաշտոնական Թուրքիան՝ ի դեմս Էրդողանի, հայտարարում է, որ «Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ ինչ-ինչ գործողություններ են եղել»` մոռանալով Համիդյան ջարդերը (1894-95թթ – 300հազար), Քեմալական ջարդերը (1919-23թթ. – 200հազար մարդ), Դերսիմի հայերի ցեղասպանությունը (1938թ–ին, ինչն ի դեպ Էրդողանը համարել է ցեղասպանություն)։
Այսօր Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կամ ավելի ստույգ՝ հարաբերությունների բացակայությունը, բնութագրվում է հետևյալ հատկանիշներով.
- դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների բացակայություն,
- փակ սահմաններ Թուրքիայի կողմից,
- տնտեսական, սոցիալ-մշակութային հարաբերությունների բացակայություն,
- տեղեկատվական պատերազմ, հակահայկական քարոզչություն թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից,
- Հայոց ցեղասպանության մերժողականության քաղաքականություն,
- ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման տապալում և սահմանային ահաբեկչություններ,
- իսլամացած և ծպտյալ հայերի հիմնախնդիրներ։
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման առաջին քայլը «սատիսֆակցիան» է, ինչը ենթադրում է Հայոց ցեղասպանության փաստի պաշտոնական, հրապարակային ճանաչում.
- ափսոսանքի և ցավակցության արտահայտում,
- պաշտոնական ներողության հայցում,
- ցեղասպանության մերժման քաղաքականությունից հրաժարում,
- համապատասխան օրենսդրության ընդունում, որը կպատժի ցեղասպանության մերժումը՝ որպես հանցագործություն,
- Հայոց ցեղասպանության մեջ մեղավոր անձանց հրապարակային դատապարտում,
- Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների պահպանություն և վերականգնում։
Սրան արդեն կարող է հետևել հայերի անհատական, համայնքային և համազգային իրավունքների ու ազատությունների վերականգնման, արդարության հաստատման հաջորդ քայլերը` ռեստիտուցիայի ևկոմպենսացիայի կառուցակարգերով բարոյական ու նյութական փոխհատուցումների ձևով, ինչի մասին խոսվել է նաև նախորդ համաժողովում:
Հայերի կողմից անհատական իրավունքների պահանջը տարբեր երկրների դատարաններում շարունակվում են:
Համայնքային իրավունքների առումով իրավական լուծումներ են պահանջում իրավաբանական անձանց օրինական շահերի պաշտպանությունը:
Խոսքը Հայոց եկեղեցու ունեցվածքի, վանքապատկան հողերի և կառույցների, Սիսի կաթողիկոսարանի ունեցվածքի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանում գործունեություն ծավալած ՀԲԸՄ, Կարագյոզյան հիմնադրամի, տասնյակ հայկական կազմակերպությունների մասին է։
Ինչ վերաբերում է Համազգային իրավունքներին, ապա խնդիրն առավել բարդ է և լուրջ ուսումնասիրման ու միջազգային-իրավական հարթությունում լուծման կարիք ունի։
Մյուս կողմից Թուրքիան, ով վավերացրել է ՄԱԿ–ի «Բաց ծովերի մասին» և «Դեպի ծով ելք չունեցող պետությունների տարանցիկ առևտրի մասին» կոնվենցիաները, ծովից օգտվելու որևէ հնարավորություն չի ընձեռում դեպի ծով ելք չունեցող Հայաստանին, դեռ ավելին՝ փակ է պահում ցամաքային սահմանը՝ դրանով իսկ կատարելով միջազգային իրավունքի կոպիտ խախտում՝ երկրին պատճառելով միլիարդավոր դոլլարների վնաս, բացասաբար անդրադառնալով հասարակության կենսամակարդակի վրա, նպաստելով աղքատությանն ու գործազրկությանը:
Հարգելի´ ներկաներ,
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը կարևոր հանգրվան է, սակայն ոչ վերջնակետ։ Այս առիթով ընդունված համահայկական հռչակագիրը ոչ միայն հենվում է միջազգային փաստաթղթերի վրա, երախտագիտություն հայտնում բոլոր պետություններին, միսիոներներին, որ պայմաններ ստեղծեցին հայկական բեկորներին վերընձյուղվելու համար, այն պետություններին ու կառույցներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այլև կոչ է՝ ուղղված Թուրքիային՝ թոթափելու անցյալի բեռը, առերեսվելու սեփական պատմության հետ և նպաստելու տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմանը։
Այն կոչ է նաև ապագա սերնդին` «հիշել և պահանջել», ապրել ու արարել:
Շնորհակալություն:
Նմանատիպ նյութեր
1226 դիտում
13:37 13-02-2019
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը՝ գլոբալ անվտանգության ապահովման համատեքստում
2319 դիտում
13:27 06-02-2014
Հայոց ցեղասպանության ճանաչումը Չեխիայի օրակարգ է գալիս. թուրքական մամուլ
Այս բաժնից
574 դիտում
11:55 24-12-2024
Պետք է սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է Փաշինյանից խլել այդ թեման․ Վահե Հովհաննիսյան