211652_close_icon
views-count797 դիտում article-date 22:44 22-04-2015

Ռումինիայում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

Ռումինիայի Պիտեշտ քաղաքում՝ Դինկու Գոլեսկուի անվան գրադարանի հանդիսությունների դահլիճում, ապրիլի 22-ին մեկնարկել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Ռումինահայ համայնքի ներկայացուցիչների տեղեկացմամբ՝ միջոցառումներն անցկացվում են Պիտեշտի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանի նախաձեռնությամբ և ծխական խորհրդի անդամ Արաքսի Էլուքյանի ջանքերով ու Ռումինիայի Հայոց Միության Պիտեշտի մասնաճյուղի օգնությամբ: Ռումինացի նշանավոր բանաստեղծուհի Դենիսա Պոպեսկուն հանդես է եկել բացման խոսքով, որից հետո ռումինացի նշանավոր պատմաբան Մարիուս Կըրժան լուսաբանել է ներկաներին Ցեղասպանության ամբողջ պատմությունը, իսկ ռումինացի նշանավոր դերասաններ Միռելա Դինու Պոպեսկուն և Ֆլորին Դմիտրուն հատվածներ են կարդացել Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքից և Հենրի Մորգենթաուի հուշերից: Ռումիներեն ընթերցվել են նաև Դանիել Վարուժանի և Պարյուր Սևակի բանաստեղծություններից: Ժողովից ավարտին Պիտեշտի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը իր խոսքում նշել է, որ հայ ժողովուրդը 100 տարվա ոճիրից հետո որևէ բան չի մոռացել, այլ միշտ արթուն է պահում իր ընտանիքում այդ ոճրագործությունը՝ փոխանցելով սերունդներին արդարության պահանջի զգացումը, որ դեռ ի կատար չի ածվել: Քահանան ընդգծել է, թե շատերը կարծում են, որ տարիները ամեն ինչ մոռացության կմատնեն, բայց այդպես չէ, քանզի հայը ապրում է միշտ հիշողությամբ, մինչև այն ժամանակ, երբ չտեսնի արդարությունը: Ժողովից հետո ներկաները ծանոթացել են նաև Ցեղասպանությանն նվիրված ցուցահանդեսին և Ռումինիայի Հայոց միության կողմից հրատարակված գրքերին, որոնք առընչվում են ցեղասպանության հետ:

Նմանատիպ նյութեր