1561 դիտում
12:46 30-04-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները Լեհաստանում. լուսանկարներ
Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Վարշավայի կենտրոնական հրապարակում կայացավ «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի էջերում» թեմատիկ ցուցահանդեսի բացօթյա ցուցադրության պաշտոնական մեկնարկը: Ցուցահանդեսում ներկայացված էր երիտթուրքերի կողմից հայ ժողովրդի հանդեպ իրագործված բռնությունների լուսաբանումը մի շարք երկրների պարբերական մամուլի առաջին էջերին՝ փորագրանկարներ և լուսանկարչական նյութեր մեծ ֆոտոպաստառների տեսքով: Ցուցահանդեսը կազմակերպված էր Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո լեհ-հայկական հիմնադրամի կողմից՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից մշակված նյութերով:
Ցուցահանդեսի պաշտոնական մեկնարկին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Հայ Առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Բացօթյա ցուցադրությունը շարունակվելու է մինչև մայիսի 11-ը, իսկ ցուցահանդեսի նյութերի վերաբերյալ տպագրվել է ծավալուն ձեռնարկ:
Նույն օրը Վարշավայի կենտրոնում գտնվող Սուրբ Յոզոֆի եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ուղիղ հեռարձակումն Էջմիածնից, որին հետևում էին դեսպան Ղազարյանը, Լեհաստանի Սենատի անդամ, Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչը, Հայ Առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանը, Հայ Կաթողիկե Եկեղեցու ժողովրդապետ, քահանա Ռաֆայել Կրավչիկը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ապրիլի 24-ին` Երևանի ժամանակով ժամը 19:15-ին, մյուսների թվում հնչեցին նաև Սուրբ Յոզեֆի եկեղեցու զանգերը, իսկ եկեղեցական երգչախումբը Վրոցլավի «Զար» թատրոնի երգչախմբի հետ միասին կատարեց «Հայր մեր»-ը: Միջոցառման ավարտին երկու հոգևորականների կողմից մատուցվեց ոգեկոչման հատուկ կարգ:
Ապրիլի 23-ին` երեկոյան 19:15-ին, Վրոցլավի «Զար» թատրոնի նախաձեռնությամբ և Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո Վարշավայի կենտրոնում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցում կայացավ Հայ հոգևոր երաժշտության համերգ՝ «Զար» թատրոնի երգչախմբի կատարմամբ: Դեսպան Ղազարյանի հրավերով համերգին ներկա էին Բելգիայի, Բոսնիա և Հերցոգովինայի դեսպանները, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ապրիլի 24-ին Լեհաստանի հայկական եկեղեցական, կրթամշակութային, բարեգործական, երիտասարդական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, հայ և լեհ մտավորականների և քաղաքական գործիչների ներկայությամբ Վարշավայի Սադիբա թաղամասի Հայկական պուրակում գտնվող Հայկական Խաչքարի մոտ Հայ Առաքելական եկեղեցու լեհահայոց հոգևոր հովիվ Տաճատ աբեղա Ծատուրյանը Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման կարգ մատուցեց: Դրան հաջորդեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սգո հանրահավաքը, լռության րոպեն, պսակադրման և մոմավառության արարողությունը:
Հանրահավաքին ելույթներով հանդես եկան դեսպան Ղազարյանը և Լեհաստանի Սեյմի փոխխոսնակ (վիցեմարշալեկ) Մարեկ Կուչցինսկին: Հանրահավաքին ներկա էին Լեհաստանում Վատիկանի նվիրակը, Ռուսաստանի, Իսրայելի, Կիպրոսի, Շվեդիայի դեսպանները, Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարը և Գերմանիայի, Ֆրանսիայի, Բելառուսի, Արգենտինայի, Վենեսուելայի, Չեխիայի, Նիդերլանդների, Բելգիայի, Ուկրաինայի դեսպանությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստի գործիչներ, լեհական ռադիոյի, ճանաչված պարբերականների լրագրողներ, ուսանողներ և Լեհաստանի տարբեր քաղաքներից հատուկ այդ նպատակով Վարշավա ժամանած հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հանրահավաքի ավարտից հետո մասնակիցներն անմոռուկներով ձևավորված ճրագներով և մոմերով շարժվեցին դեպի Վարշավայի կենտրոն` Կրակովսկի Պեդմեշչիա, ուր տեղի ունեցավ լռության երթ դեպի հին քաղաքի կենտրոնական հրապարակ:
Ապրիլի կեսից Վրոցլավ քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցապաստառների և տեղեկատվական նյութերի բացօթյա ցուցահանդես, որը կշարունակվի մինչև մայիսի սկիզբը: Այդ ընթացքում նույն վայրում` Սուրբ Էլժբիետի եկեղեցու բակում, ամեն օր` երեկոյան ժամը 19:15-ին, մեկնարկում է Հայոց ցեղասպանությանը նվիրված բացօթյա ներկայացում, որը շարունակվում է Վրոցլավի «Զար» թատրոնում «Armine Sister» ներկայացման բեմականացմամբ:
Ապրիլի 23-ին Վրոցլավի Սուրբ Յան Խստիտիել Մայր տաճարում Վրոցլավի Մետրոպոլիայի Արքեպիսկոպոս Յուզեֆ Կուպնիի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Պատարագին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպանության հյուպատոս Տիգրան Վարդանյանը, հոգևորականներ, Լեհաստանի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևորական Տադեուշ Իսակևիչ-Զալեսկին, Վրոցլավի և հարակից բնակավայրերի հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ: Վերջինս իր աղոթքում մանրամասն անդրադարձավ Հայոց ցեղասպանության պատմությանը և ճանաչման գործընթացին:
Այնուհետև ներկաները երթով շարժվեցին դեպի Վրոցլավում տեղադրված հայկական խաչքար: Երթին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպանության հյուպատոս Տիգրան Վարդանյանը, Վրոցլավի փոխքաղաքապետ Աննա Շարիչը, Լեհաստանի Սեյմի պատգամավոր Ալդոնա Մլինչակը, հասարակական-քաղաքական գործիչներ, հրեական և հունական համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, հոգևորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ: Խաչքարի մոտ ծաղիկների զետեղումից և մոմավառությունից հետո հատուկ տեղադրված էկրանի վրա ցուցադրվեց Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ, ապա ելույթներով հանդես եկան Վրոցլավի հայկական կազմակերպության ղեկավար Ադամ Դոմանասևիչը, Վրոցլավի հրեական համայնքի ղեկավարը, դոմինիկյան և հունական եկեղեցիների հոգևոր հովիվները:
Վերոնշյալ օրերին տարբեր մասշտաբների երթեր և մշակութային միջոցառումներ տեղի ունեցան նաև Լեհաստանի մի շարք այլ քաղաքներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1746 դիտում
16:06 26-05-2014
Մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբերի հավաք-հանդիպումը
Այս բաժնից
1456 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
1282 դիտում
17:02 07-01-2025
Կյանքից հեռացել է «Ազգային ճակատ»-ի նախկին առաջնորդ Ժան Մարի Լը Պենը
874 դիտում
16:12 07-01-2025
Իրանում ՀՀ դեսպանն ու Իրանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունները