211652_close_icon
views-count1261 դիտում article-date 19:56 22-04-2015

Բուլղարիայի 12 քաղաքներում ապրիլի 23-ին և 24-ին Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով տասնյակ միջոցառումներ տեղի կունենան. ԲՀՄ

Բուլղարիայի 12 քաղաքներում ապրիլի 23-ին և 24-ին Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով տասնյակ միջոցառումներ տեղի կունենան: Այս մասին «Կանթեղ Արարատյան» տեղեկատվական կայքին հայտնեց Բուլղարիայի հայերի միության (ԲՀՄ) նախագահ Հարություն Հովսեփյանը: «Բուլղարիայի տարբեր քաղաքներում դեռ այս տարվա սկզբից տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-ամյակին: Սակայն ապրիլի 23-ին և 24-ին, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, որոնք հրապարակվել են հայկական կայքում, 12 քաղաքներում տասնյակ միջոցառումներ են տեղի ունենալու: Բոլոր Հայկական եկեղեցիներում ուղիղ եթերով հեռարձակվելու է Հայ նահատակների սրբադասման արարողությունը, տեղի են ունենալու երթեր և ոգեկոչման արարողություններ:», նշեց ԲՀՄ նախագահը Հարություն Հովսեփյանը տեղեկացրեց, որ ԲՀՄ նախաձեռնությամբ առաջին անգամ Բուլղարիայում ապրիլի 23-ի երեկոյան Վառնայում անցկացվելու է ջահերով երթ: «Միությունը արդեն իսկ ապահովել է 100 հատ ջահեր, որոնցով հարյուրից ավելի հայեր և բուլղար բարեկամներ Հայկական եկեղեցուց, առաջնորդությամբ Վառնայի հոգևոր հովիվ Տ. Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի, երթով հասնելու են մինչև Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանը, որտեղ ոգեկոչման միջոցառում է կազմակերպված:», նշեց պ-ն Հովսեփյանը: Բուլղարիայի հայերի միության նախագահը իր հիացմունքը արտահայտեց Վելիկո Տրնովո քաղաքի համալսարանի Ուսանողական խորհրդի հանդեպ: «Վելիկո Տրնովոն Բուլղարիայի հնագույն մայրաքաղաքն է եղել, սակայն այսօր այնտեղ չկա հայկական համայնք: Բայց շնորհիվ տեղի համալսարանի Ուսանողական խորհրդի այնտեղ ևս մի քանի օր միջոցառումներ են կազմակերպվել՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյակին: Նրանց մեջ չկան հայ ուսանողներ, բոլորն էլ բուլղար են: Մենք խորապես զգացված ենք նման վերաբերմունքից: Մշտական կապի մեջ ենք նրանց հետ և հարկ եղած դեպքում փորձում ենք օգտակար լինենք նրանց այդ հայամետ գործունեությանը:», շեշտել է Հարություն Հովսեփյանը: Հայոց Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներ կլինեն Վառնայում, Սոֆիայում, Պլովդիվում, Բուրգասում, Ռուսեում, Վելիկո Տրնովոյում, Պազարչիկում, Խասկովոյում, Շումենում, Դոբրիչում, Ստարա Զագորայում և Չիրպանում: «ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ» Հայկական Տեղեկատվական Կայք (ԲՈՒԼՂԱՐԻԱ)

Նմանատիպ նյութեր