Մետրոպոլիտենում բացվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես
Ապրիլի 20-ին Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվել է «Հայոց եղեռնը` ուսանողների աչքերով» խորագրով ցուցահանդեսը։ Ծրագիրը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողական խորհուրդը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները Հայոց ցեղասպանության 100-րդ
տարելիցի միջոցառումների շրջանակում իրենց ստեղծագործությունների միջոցով ներկայացնում են նախնիների կրած ցավն ու կսկիծը, վերածնվելու, ապրելու, պայքարելու և պահանջելու ուժն ու ուղին:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի առաջինից երրորդ կուրսերի բոլոր ուսանողները ստացել են ուսումնական առաջադրանք՝ պատրաստել Ցեղասպանության թեմայով պաստառներ։ 300 պաստառներից ընտրվել են 100-ը և ներկայացվել հանրությանը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը նշեց, որ պաստառներից յուրաքանչյուրն արտահայտում է հայ ժողովրդի ապրած կորուստն ու վիշտը։ Նկարներում արտացոլված է նաև երիտասարդների պահանջատիրությունն ու պայքարը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ այս
օրերին միջոցառումների շարք է կազմակերպվել ուսանողական կառույցների կողմից։ «Մեր ուսանողությունը մասնակից է դառնում այն մեծ գործընթացին, որ իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում։ Նման
նախաձեռնությունները և փակցված պաստառներն ապացուցում են, որ երիտասարդությունը պահանջատեր է։ Ժամանակը մոռացության չի մատնում տեղի ունեցածը, և մեր սերունդները մշտապես պայքարելու են Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ»,- նշեց պարոն Ավագյանը։
Բուհի ուսանողական խորհրդի նախագահ Հովսեփ Հովեյանը տեղեկացրեց, որ «Երիտասարդական» կայարանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ցուցահանդեսը կգործի ապրիլի 20-26-ը։ Ապրիլի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները, ավանդույթի համաձայն, երթով կշարժվեն դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։