Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթիեն Մահչուփյանը հեռացվել է պաշտոնից
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթիեն Մահչուփյանը հեռացվել է պաշտոնից:
Թուրքական Hurriyet թերթը հաղորդում է, որ «պատճառը» Մահչուփյանի տարիքն է. նա թոշակի պետք է անցնի: Թերթը, սակայն, պնդում է, որ Մահչուփյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից դեռ մարտի 9-ին, երբ հայտարարեց, որ 1915 թվականին իրականացվել է հայերի ցեղասպանություն:
Թուրքական Milliyet պարբերականն էլ գրում է, որ չնայած Մահչուփյանը հեռացվել է աշխատանքից, նա շարունակում է աշխատել Թուրքիայի կառավարությունում, սակայն առանց վարձատրման:
Հիշեցնենք, որ Է. Մահչուփյանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը մեկնաբանելիս նույնպես կրկնեց, որ տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն՝ ասելով. «Բոսնիայում և Աֆրիկայում կատարվածները որպես ցեղասպանություն ընդունելուց հետո անհնար է 1915 թվականին հայերի նկատմամբ իրագործվածը ցեղասպանություն չանվանել»: