Ապրիլի 25-ին Բեռլինում կանցկացվի բողոքի ցույց և երթ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կոչով
Բեռլինում՝ Կանցլերի նստավայրի դիմաց, ապրիլի 25-ին Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը, Հայ Առաքելական եկեղեցու գերմանահայոց թեմը և Գերմանահայկական միությունը համատեղ կանցկացնեն բողոքի ցույց՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Գերմանիայի հայ համայնքի կոչն ուղղված կլինի Գերմանիայի իշխանություններին՝ ճանաչելու և դատապարտելու 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը:
Այնուհետև ցուցարարները բողոքի երթով կշարժվեն դեպի Բրանդենբուրգյան դարպասներ: Երթը կեզրափակվի հանրահավաքով:
Գերմանահայ համայնքի կողմից ստեղծված կոմիտեն հաստատել է իր կարգախոս-պահանջը՝ «Հիշի՛ր, միացի՛ր, պահանջի՛ր»:Կոմիտեն հայությանը կոչ է անում համախմբել ներուժը և մասնակցել Բեռլինում կայանալիք ցույցին:
[url=http://armeniangenocide100.org/protest-march-and-demonstration-to-be-held-in-berlin-calling-for-recognition-and-condemnation-of-armenian-genocide/]armeniangenocide100.org[/url]