Արագածոտնիում նախապատրաստվում են մեծ թվով օտարերկրացիների այցելություններին
Արագածոտնի մարզում Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը համակարգում է մարզպետ Սարգիս Սահակյանի ղեկավարությամբ ստեղծված մարզային հանձնաժողովը: Կազմված միջոցառումների ժամանակացույցի համաձայն մարզի բոլոր համայնքներում, կրթական, մշակութային, հասարակական կազմակերպություններում իրականացվում են շարադրությունների, նկարների ցուցանանդեսներ, երգի, ասմունքի մրցույթներ, թեմատիկ դասախոսություններ, կլոր սեղաններ, հիշատակի եւ ոգեկոչման արարողություններ:
Միջոցառումների գործընթացը համակողմանի անցկացնելու համար մաքրվում, բարեկարգվում են համայնքներում գտնվող մշակութային կոթողների, հուշարձանների շրջակայքը, միջհամայնքային եւ ներհամայնքային ճանապարհները, տարածքները: Այդ նպատակով մարզպետի հանձնարարությամբ ընթանում է սանիտարական միամսյակը, որն արդեն ավանդական է դարձել:
Մարզպետը համայնքների ղեկավարներին հերթական խորհրդակցության ժամանակ հորդորել է առավել ուշադիր եւ հետեւողական լինել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների անցկացմանը եւ ըստ ամենայնի նախապատրաստվել համայնքներում այդ օրերին արտերկրից սպասվելիք բազմաթիվ հյուրերի այցելություններին: