211652_close_icon
views-count2932 դիտում article-date 10:08 10-04-2015

Կգա՞ արդյոք Պուտինը, կամ մյուս գերտերությունների ղեկավարները, պարզ կդառնա արդեն մի քանի օրից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս անցած մայիսին Սերժ Սարգսյանը բազմաթիվ պետությունների ղեկավարների հրավիրել էր Հայաստան` մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ու թեև ապրիլի 24-ին հաշված օրեր են մնացել, սակայն մինչ այժմ իրենց մասնակցությունը հաստատել են երեք-չորս պետությունների առաջին դեմքեր, որոնցից առավել նշանակալին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է: Մյուս կարևոր մասնակցությունը ՌԴ նախագահի՝ Վլադիմիր Պուտինինն է, որի այցի վերաբերյալ, սակայն, անընդհատ հակասական տեղեկություններ են հրապարակվում: Երեկ էլ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դ. Պեսկովը հայտարարել է, թե Վ. Պուտինի այցը ՀՀ ներկայումս դեռևս քննարկվում է: Ընդ որում, նա նաև ընդգծել է, որ նույն օրը Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին Ռուսաստանը կներկայացվի բարձր մակարդակով: Նկատենք, սակայն, որ ՀՀ ԱԳ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էլ երեկ ասել է, թե Վ. Պուտինի` Հայաստան այցելության նախապատրաստական աշխատանքների հարցը եղել է ՀՀ և ՌԴ արտգործնախարարների` նախօրեին կայացած հանդիպման առանցքային թեմաներից մեկը` այդպիսով ընդգծելով, որ այդ հարցը որոշված է, և Պեսկովի հայտարարությունն ընդամենը դիվանագիտական քայլ է: Կգա արդյոք Պուտինը, կամ մյուս գերտերությունների ղեկավարները, պարզ կդառնա արդեն մի քանի օրից, սակայն ամբողջ հարցն այն է, որ այդ այցերը, բացի կարճաժամկետ քաղաքական էֆեկտից, դժվար թե այլ` առարկայական արդյունք ունենան: Իհարկե, որքան մեծ լինի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Սերժ Սարգսյանի կողքին կանգնած պետությունների ղեկավարների թիվը, այդքան ՀՀ կշիռն ու հեղինակությունը դրանից կշահի, ինչը, սակայն, ամենևին էլ չի նշանակում, որ դա անմիջականորեն հանգեցնելու է Ցեղասպանության ճանաչման և առավել ևս` հայկական պահանջատիրության գործընթացի առաջխաղացմանը:

Նմանատիպ նյութեր