211652_close_icon
views-count918 դիտում article-date 16:00 09-04-2015

Ազգային ժողովում տեղի են ունեցել հուշարձանի բացման արարողություն եւ ծառատունկ

Ապրիլի 9-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Աժ պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվող հուշարձան-ցայտաղբյուրի ծնունդը մեր պատմության ամենաողբերգական էջի յուրատեսակ ընդհանրացումն է: ԱԺ նախագահի խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որոշակի սահման է՝ հանցագործության եւ մարդասիրության միջեւ, անցյալի եւ ապագայի միջեւ, պատմության եւ հիշողության միջեւ: Գալուստ Սահակյանը փաստել է, որ Ազգային ժողովի բակում տեղադրված հուշարձանը ապագային ուղղված ուղերձ է, ցեղասպանությունը վերապրած ու լավատեսությունը չկորցրած ժողովրդի ուղերձը: Հուշարձանի բացումից հետո Ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները 100 խորհդանշական ծառ են տնկել խորհրդարանի այգում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Խոսելով Ազգային ժողովի այգում տնկվող խորհրդանշական հարյուր ծառի մասին՝ Ազգային ժողովի նախագահն այդ ծառերը համարել է հաղթանակներ կերտելու շարունակական ավանդույթին հավատարիմ մնալու հաստատուն վկայություն:

Նմանատիպ նյութեր