211652_close_icon
views-count984 դիտում article-date 12:27 08-04-2015

Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և այս համատեքստում անդրադարձել Հայաստանի տնտեսական իրավիճակին ու զարգացման միտումներին, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությանն առնչվող հարցերի: Քննարկվել են տարբեր, այդ թվում՝ էներգետիկայի, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համատեղ ծրագրերը, ինչպես նաև ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)/«Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրի շրջանակում տնտեսության աջակցման ծրագրերի իրականացման հնարավորությունները: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է տնտեսական աճի ապահովմանը, գործարար միջավայրի բարելավմանը, արտահանման խթանմանը և ներդրումների ներգրավմանն ուղղված բարեփոխումները: Իր հերթին Մարկ Հորթոնը կարևորել է տնտեսական կայունության և աճի ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների ու քայլերի շարունակականությունը: Հանդիպմանն արծարծվել են նաև ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը և երկկողմ գործակցությանը վերաբերող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր