211652_close_icon
views-count21966 դիտում article-date 09:38 01-04-2015

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Audi-ի վարորդը, ստեղծելով վթարային իրավիճակ, բախվել է մարդատար ավտոբուսին. կա 4 ծանր վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23.5 կմ հատվածում բախվել են Audi A 6 մակնիշի 67 QQ 001 համարանիշի և Ikarus 256 մակնիշի 109 ԼՏ 28 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Audi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց: Վթարի հետևանքով Audi-ի վարորդն ու նրա 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, 2-ինը՝ ծանր կայուն: Վթարի վայր է ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական խումբը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ վիրավորներին տեղափոխել են օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության մեքենաների մեջ: Այս պահին վթարի վայր է ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Լայերտ Գրիգորյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Բաբկեն Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արամ Գալստյանն ու հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները պայմանագրային զինծառայողներ են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը Audi-ի վարորդն է եղել, ով երկրորդական ճանապարհից մտել է դեպի գլխավոր մայրուղի, ստեղծել է վթարային իրավիճակ, իսկ ավտոբուսի վարորդը, ով տեղափոխում էր 35-ից ավելի ուղևորների, եթե ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր էր՝ բախման հետևանքով ավտոբուսը կողաշրջվեր և վիրավորների թիվը մեծանար, ինչու չէ, հնարավոր էր նաև ունենայինք զոհեր: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր