211652_close_icon
views-count1721 դիտում article-date 14:16 18-01-2016

Խորհրդակցություն ՏԿԱԻՆ-ում. զեկուցվել է Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ժամանակավոր հենակետերի աշխատանքի մասին

Հունվարի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: ՓԾ տնօրենը զեկուցեց նաև Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տեղադրված ժամանակավոր հենակետերի աշխատանքի մասին: Շարժական հենակետերում ծառայություն է իրականացնում 6 փրկարար, ովքեր ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն են ցուցաբերում՝ տրամադրելով տաք սնունդ և առաջին բուժօգնություն: Անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներին կմիանան լրացուցիչ ուժեր: Ներկայումս ձյան մեջ արգելափակված քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով վրանային հենակետեր են ծավալված ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի սկզբնամասում, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ում և Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի ավտոճանապարհի 45-րդ կմ-ում: «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը խորհրդակցությանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը և անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Լ. Վարդանյանը հայտնեց, որ մինչև հունվարի 22-ը ժամանակ առ ժամանակ կնկատվեն տեղումներ, կգրանցվեն քամիներ, իսկ ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով: Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։ Նախարարին զեկուցվեց նաև մարզերում և ԼՂՀ տարածքում ճանապարհների անցանելիության մասին: ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Ա. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Սյունիքի ՄՓՎ աշխատակիցներին՝ հունվարի 11-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին արագ արձագանքելու և ԼՂՀ քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

Նմանատիպ նյութեր