211652_close_icon
views-count1372 դիտում article-date 23:29 28-03-2015

ԵՊՀ իրավագետները երկու տիտղոս են նվաճել

Հայաստանի Ամերիկյան համալսարանի և «ԷյԴիԱր Փարթներս» (ADR Partners) ընկերության նախաձեռնությամբ կազմակերպվել էր առևտրային արբիտրաժին նվիրված երրորդ խաղ-մրցույթը: Մրցույթը շատ կարևոր դերակատարում ունի երկրում արբիտրաժային ավանդույթների ձևավորման, ինչպես նաև ուսանողների շրջանում արբիտրաժի մասին գիտելիքներն ավելի խորացնելու և զարգացնելու իմաստով: Արբիտրաժը գործերի քննության արտադատական կարգն է, որը հաճախ հետին պլան է մղվում: Խաղ-մրցույթի կարևորությունն ընդգծվում է հատկապես այն պատճառով, որ արբիտրաժը նոր զարգացող ինստիտուտ է Հայաստանում, ուստի այս մրցույթի նպատակը նաև արտադատական կարգով գործերի քննությունն ու դրա մասին առավել մանրամասն տեղեկատվություն տարածելն է: Միջբուհական մրցույթին մասնակցում էին 9 բուհերի թիմեր, ընդ որում՝ յուրաքանչյուր բուհ կարող էր ներկայացնել երկու թիմ: ԵՊՀ-ն ներկայացնում էին Իրավագիտության ֆակուլտետի երկու թիմեր՝ 5-ական մասնակիցներից կազմված: Թիմերի անդամներին ընտրել է ֆակուլտետը՝ հաշվի առնելով նրանց առաջադիմությունը: Ըստ մրցույթի կանոնների՝ կարող էին մասնակցել միայն մագիստրանտներն ու ասպիրանտները: Մրցույթն անց է կացվել դատախաղի ձևաչափով և երեք փուլերով՝ նախնական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ: Յուրաքանչյուր թիմ ներկայացրել է իր դիրքորոշումները հայցվորի և պատասխանողի կարգավիճակում, ըստ այդմ էլ որոշվել են թիմի կոլեկտիվ և անհատական ցուցանիշները: Հատկանշական է, որ ԵՊՀ թիմերից մեկը՝ «ԵՊՀ II թիմը» բոլոր փուլերում մյուս թիմերի նկատմամբ ունեցել է միավորների առավելություն և եզրափակիչ փուլ դուրս գալով «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի թիմի հետ՝ հաղթել է արժանի պայքարում՝ ունենալով 20 միավորի առավելություն: Սակայն միայն «Լավագույն թիմ» տիտղոսը չէ, որ նվաճել են ապագա իրավագետները. հաղթող թիմի մասնակից, Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Շուշանիկ Ղուկասյանն արժանացել է «Լավագույն բանախոս» տիտղոսին: Հաղթող թիմի մասնակիցները պարգևատրվեցին մասնագիտական գրքերով, հուշանվերներով և հավաստագրերով:

Նմանատիպ նյութեր