ՏԿԱԻ նախարարն ընդունել է Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Տահեր Խալեդին
Մարտի 26-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպեց Հայաստանում Իրաքի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ղազի Տահեր Խալեդի հետ: Քննարկման թեման հայ-իրաքյան հարաբերությունների մերձեցումն ու սերտ համագործակցության ստեղծումն էր: Նշենք, որ ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է, իրաքյան կողմից համանախագահում է Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսը, որի վերջին այցը Հայաստան կայացել է անցյալ տարի՝ որպես Իրաքի գործարարների պատվիրակության ղեկավար:
Շնորհակալություն հայտնելով ՏԿԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Խալեդը նշեց, որ իրաքյան կողմը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների մերձեցմանը:
Որպես Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ՝ նախարար Երիցյանը վստահություն հայտնեց, որ հայ-իրաքյան համագործակցությունը թևակոխելու է գործնական նոր արդյունավետ փուլ՝ նշելով, որ այդպիսին են նաև ՀՀ նախագահի և վարչապետի դիրքորոշումները:
Դեսպանը և նախարարը մասնավորապես քննարկեցին այս տարվա հոկտեմբերին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կայանալիք Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքային ծրագիրը: