211652_close_icon
views-count730 դիտում article-date 15:52 26-03-2015

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Պեկինում հանդիպում է ունեցել ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: Քննարկվել է փոխշահավետ և հեռանկարային մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունները խորացնելու, Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության առկա մեծ ներուժը ի նպաստ երկու բարեկամ երկրների լիարժեքորեն օգտագործելու հետ կապված հարցերի լայն շրջանակ: Այն ներառել է էներգետիկայի, տրանսպորտի, քիմիական արդյունաբերության, կրթության, գիտության, մշակույթի, գյուղատնտեսության, ավիացիայի, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման և մի շարք այլ բնագավառներ: ՀՀ Նախագահը և ՉԺՀ պետական խորհրդի նախագահը մեծապես կարևորել են Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ երկկողմ համագործակցությունը փոխհամաձայնեցված բոլոր ուղղություններով գործնական հարթություն տեղափոխելու առումով: Ընթացիկ տարվա ամռանը Երևանում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, կողմերի համոզմամբ, օրակարգում անհրաժեշտաբար պետք է ներառի հայ-չինական համագործակցության հեռանկարային բոլոր ծրագրերը: Սերժ Սարգսյանը և Լի Քեցյանը գոհունակությամբ են նշել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրած առաջընթացը: Չնայած ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին՝ կես միլիարդ դոլարը գերազանցող ցուցանիշին, Հայաստանից Չինաստան արտահանման մեծացմանը, այդուհանդերձ, զրուցակիցների կարծիքով, երկու երկրները չպետք է բավարարվեն եղած ձեռքբերումներով և պետք է ջանքերը շարունակեն առկա տնտեսական ներուժը լիարժեքորեն օգտագործելու, Հայաստանի տնտեսության մեջ չինական ներդրումների ներգրավման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր և ավելի մեծ հնարավորություններ է բացում նաև հայ-չինական տնտեսական հարաբերություններն ընդլայնելու տեսանկյունից: Հանդիպմանը երկուստեք կարևորվել են Հայաստանի Նախագահի՝ Չինաստան պետական այցի շրջանակներում բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածություններն ու բանակցությունների արդյունքներով ստորագրված համագործակցության փաստաթղթերը: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ողջունել է Մետաքսի մեծ ճանապարհի վերականգնման՝ չինական կողմի նախաձեռնությունը և դրա իրագործման ուղղությամբ տարվող նպատակադրված աշխատանքը, որում, ըստ Հանրապետության Նախագահի, Հայաստանը կարող է իր ներդրումն ունենալ: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի, Հայաստանն ու Իրանը միացնող երկաթուղու, Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ծրագրերին չինական ընկերությունների հնարավոր մասնակցությանը: Հանդիպման ընթացքում քննարկված այդ և մի շարք այլ ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները հանգամանորեն քննարկելու նպատակով, Չինաստանի պետական խորհրդի նախագահը հանձնարարել է այդ հարցերով պատասխանատու նախարարին՝ անձամբ զբաղվել նշված աշխատանքով: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ Հայաստանի կառավարությանը ցուցաբերած անհատույց օգնության համար, որի արդյունքները, Հանրապետության Նախագահի խոսքով, տեսանելի են և բարձր են գնահատվում մեր ժողովրդի կողմից:

Նմանատիպ նյութեր