211652_close_icon
views-count1245 դիտում article-date 23:18 24-03-2015

Դեսպան Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի մշակույթի նախարարի հետ

Մարտի 23-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի մշակույթի նախարար Իոան Վուլպեսկուի հետ: Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց «Մշակույթի, կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» 2011-2015թթ. միջպետական ծրագրի շրջանակներում իրականացվող մշակութային փոխգործակցության դրական դինամիկայի կապակցությամբ և ընդգծվեց համաձայնագրի երկարաձգման անհրաժեշտությունը հաջորդ փուլի համար: Քննարկվեցին համատեղ մշակութային ժառանգությանը, մասնավորապես դրա ուսումնասիրման, պահպանության և ներկայացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում վերջնական համաձայնություն ձեռք բերվեց Ռումինիայի պատմության ազգային թանգարանում ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված «Արարատից Կարպատներ» ցուցահանդեսի կազմակերպման շուրջ, որի վերաբերյալ կողմերի միջև հուշագիր էր ստորագրվել դեռեւս 2014թ. ապրիլին: Դեսպան Գասպարյանը ներկայացրեց 2015թ. նախանշված մշակութային միջոցառումները, որոնց թվում` մարտի 26-ին «Գյուրջիև» անսամբլի համերգը Բուխարեստում, ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված համաշխարհային ընթերցման կազմակերպումը Բուխարեստում և Ռումինիայի տարբեր քաղաքներում, ապրիլի 23-ին Բուխարեստի Ռադիոյի տան համերգասրահում Կոմիտասին նվիրված հայ-ռումինական հիշատակի համերգը` ռումին ժողովրդական երգի վարպետ Գրիգորե Լեշեի և կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի մասնակցությամբ, ապրիլի 24-ին Ռումինիայի Շինականի ազգային թանգարանում «Հայոց հետքերով. Արարատից Հայկական փողոց», իսկ մայիսի 16-ին Ռումինիայի հին քարտեզների և գրքերի թանգարանում «Հայաստանի պատմությունը քարտեզներով» ցուցահանդեսները: Հոկտեմբերին Ռումինական ակադեմիայում տեղի կունենան նշանավոր հայագետ և արևելագետ, Ռումինական ակադեմիայի հետմահու անդամ Հակոբ Սիրունու 125-ամյակի հոբելյանական միջոցառումները: Նախատեսված են նաև Բուխարեստի, Դումբրավենի, Գերլայի և Գեորգենի ամենամյա հայկական մշակութային փառատոները:

Նմանատիպ նյութեր