211652_close_icon
views-count691 դիտում article-date 15:22 24-03-2015

Կանադայում Հայոց ցեղասպանության թեմայով գիտաժողովներ են անցկացվել

Մարտի 18-ին և 20-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում համապատասխանաբար Կանադայի Մոնրեալ և Տորոնտո քաղաքներում կազմակերպվել էին գիտաժողովներ «Ցեղասպանություն. կանխարգելումից արդարություն» խորագրով: Գիտաժողովները կազմակերպվել էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնաժողովի և Կանադայում ՀՀ դեսպանության կողմից: Մոնրեալում գիտաժողովը տեղի ունեցավ հռչակավոր «ՄկԳիլ» համալսարանում: Բանախոսներն էին մարդու իրավունքների պաշտպանության ու ցեղասպանությունների ուսումնասիրությունների ոլորտներում հայտնի հետազոտողներ Փայամ Ախավանը, Անրի Թիերիոն և Ֆրենկ Չոքը: Գիտաժողովի մասնակիցների թվում էին Ողջակիզումը և Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած անձինք, ներկայացուցիչներ Մոնրեալի հունական, ուկրաինական, հնդկացիական և այլ համայնքներից: Քննարկված թեմաներից էին Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման հարցը, Ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության հարցը, մասնավորապես «Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործը, ինչպես նաև միջազգային հանրության դերը ցեղասպանությունների կանխարգելմանն գործում: Տորոնտոյում գիտաժողովը կազմակերպվել էր Տորոնտոյի համալսարանի «Վիկտորիա» քոլեջում: Բանախոսներն էին Ջերմեյն ՄքԿալպինը, Ֆաթմա Գոչեքը և Անրի Թիերիոն: Քննարկվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հաջորդող տասնամյակներում ակնկալվող զարգացումները, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայում հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը 18-21-րդ դարերում: Ուղերձներով հանդես եկան ցեղասպանությունների ուսումնասիրության Սարա Քորնինգի կենտրոնի, եզդիական համայնքի, ինչպես նաև տարբեր իրավապաշպան կառույցների ներկայացուցիչներ: Գիտաժողովներն լայնորեն լուսաբանվեցին կանադական մամուլում:

Նմանատիպ նյութեր