211652_close_icon
views-count2141 դիտում article-date 14:49 22-03-2015

Լոռիում անպատրաստ աշակերտներ են մասնակցել օլիմպիադաներին

Լոռու մարզպետի աշխատանքային վերջին խորհրդակցություններից մեկում մարզպետը կշտամբանքով խոսեց այն դպրոցների հասցեին, որոնք վերջին երեք տարում մարզային առարկայական օլիմպիադաներին մասնակից չեն տվել: Նա կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակազմին հանձնարարեց տեղերում ուսումնասիրել պատճառները, միջոցներ ձեռնարկել թերացող ուսումնական հաստատություններում կրթության և դաստիարակության դրվածքը բարելավելու համար: Այս և ուսումնադաստիարակչական այլ խնդիրների շուրջ հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպման նպատակով Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը եղան Թումանյանի տարածաշրջանում: Ալավերդու քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման թեմաներն էին. մասնակցությունը դպրոցականների առարկայական օլիմպիադաներին, դպրոցների վարկանիշավորումն ու dasaran.am կայքի հետ աշխատանքը: Կրթության վարչության պետը բարձրաձայնեց այն դպրոցների անունները, որոնք վերջին երեք տարվա ընթացքում դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակից չեն ապահովել: «Սա առաջին հերթին տնօրենների ու մանկավարժների թերացումն է: Կրթության որակը գնահատվում է նաև մարզային ու հանրապետական օլիմպիադաներին աշակերտների մասնակցությամբ»,- ասաց մարզի ղեկավարը` նշելով, որ որոշ դեպքերում էլ դպրոցներից անպատրաստ աշակերտներ են ուղարկում օլիմպիադաների մարզային փուլ, ինչը ևս անթույլատրելի է: Տնօրենների հետ հանդիպման ընթացքում մարզպետը խոսեց նաև դպրոցներում տեղ գտած արատավոր երևույթների, անհարգելի բացակայությունների և ուսումնական գործընթացից դուրս մնացած երեխաների մասին: Մարզպետը տնօրեններին նաև հորդորեց դպրոցի կառավարումը դարձնել մասնակցային:

Նմանատիպ նյութեր