211652_close_icon
views-count1457 դիտում article-date 17:23 20-03-2015

Երեւանում կայացել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14- րդ նիստը

Մարտի 19-20-ը Երեւանում անցկացվել է է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միացյալ կոլեգիայի 14-րդ նստաշրջանը, որին մասնակցել են Հայաստանի ֆինանսների նախարարը, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունների ղեկավարները, իսկ Ղրղզստանի, Տաջիկստանի մաքսային ծառայության ներկայացուցիչները մասնակցել են դիտորդի կարգավիճակով: Նիստի մասնակիցներին ողջունել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ միավորված խորհրդի՝ 2015թ. առաջին նիստի անցկացումը Երեւանում վկայում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությունն ակտիվացնելու ջանքերի մասին. «Մաքսային ծառայությունների միավորված խորհրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք կնպաստեն մեր երկրների առեւտրատնտեսական ներուժի առավելագույն օգտագործմանը»: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը համոզմունք է հայտնել, որ նիստը եւս մի քայլ է` ուղղված մաքսային ծառայությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը եւ խորացմանը` ուշադրության կենտրոնում պահելով փաստը, որ վերջին շրջանում մեր երկրների միջեւ ինտեգրացիոն գործընթացներն ավելի կարեւոր նշանակություն են ստանում. «Մաքսային Միության անդամ երկրների մաքսային ծառայությունների Միացյալ կոլեգիայի գործունեությունն ուղղված է այն փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք կբերեն մեր երկրների առեւտրատնտեսական ներուժի առավելագույն օգտագործմանը, մաքսային գործընթացների ներդաշնակեցմանն ու դյուրացմանը, փոխհամաձայնեցված միջոցառումների կիրառմանը` ներքին շուկաները ստվերային ու կեղծված ապրանքներից պաշտպանելու նպատակով: Համոզված եմ, որ քննարկումների արդյունքում համատեղ կկարողանանք գալ այնպիսի հարցերի լուծման, որոնք կհեշտացնեն մեր երկրների փոխգործակցությունը, ինչպես նաեւ կնպաստեն մաքսային գործընթացների պարզեցմանը` արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար»,-շեշտել է Գագիկ Խաչատրյանը: Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովի խոսքով` նիստում քննարկվել է հարցերի լայն շրջանակ. «Առաջին անգամ Հայաստանը Միավորված կոլեգիայի նիստին մասնակցում է որպես Միության լիիրավ անդամ. ԵՏՄ անդամակցությունից հետո սա առաջին նիստն է, որ անցկացվում է Երեւանում, հետեւաբար հիմնականում քննարկվել են ինտեգրացման եւ կազմակերպչական բնույթի, նաեւ Ղրղզստանի անդամակցության հետ կապված հարցեր»: Խորհուրդը քննարկել է ՄՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների առաջարկներն ու նախագծերը, հստակեցրել գործունեության առանձին ուղղությունները, ամփոփել նախորդ նիստի որոշումների իրականացման ընթացքը, աշխատանքային խմբերի 2014թ. գործունեության արդյունքները եւ նախանշել 2015 թվականի գործունեության ծրագիրը: Մասնավորապես քննարկվել են ԵՏՄ սահմաններին իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տվյալների պարբերական փոխանակման, Մաքսային միության Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում /ԱՏԳԱԱ/ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումների տեղեկատուի ժամանակացույցի սահմանման եւ կիրառման, նավահանգիստներով եւ ԵՏՄ մյուս տարածքներով փոխադրվող բեռների նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառույթների հետ կապված հարցեր: Նիստի մասնակիցներն անդրադարձել են նաեւ ԵՏՄ մաքսային սահմաններով մաքսանենգ ապրանքների տեղափոխման ուղիների բացահայտման եւ վերացման, մաքսային գործում հանցավորության կանխարգելմանն ու բացահայտմանն ուղղված օպերատիվ տեղեկատվության փոխանակման, ԵՏՄ մաքսային մարմինների միջեւ վարչական իրավախախտումների եւ դրանց իրականացնողների վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման կարգերին, ինչպես նաեւ ԵՏՄ մաքսային տարածքում ներմուծված ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման խնդիրներին: Անդրադարձ է եղել նաեւ 2014թ. հոկտեմբերի 10-ից հետո Հայաստան ներկրված ավտոմեքենաների կարգավիճակի սահմանման համար պահանջվող փաստաթղթերի ցանկի հստակեցմանն, ինչպես նաեւ ԵՏՄ այլ երկրներ ներմուծվող մեքենաների մաքսատուրքերի չափերի ու հարկերի, ԵՏՄ մաքսային տարածքից դուրս եկող ապրանքների եւ տրանսպորտային միջոցների մաքսային գործընթացների նույնականացմանն առնչվող հարցերի: Մեկ այլ որոշմամբ սահմանվել են ԵՏՄ մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանման կարգի առանձնահատկությունները: Միավորված կոլեգիայի տեղակալ է ընտրվել ՀՀ ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանը: Ի դեպ, 14-րդ նիստին նախորդել են ՄՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների փորձագիտական խմբերի աշխատանքները: Մաքսային ծառայությունների ղեկավարներին այսօր ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաեւ ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: Հայաստան այցի շրջանակում պատվիրակություններն այցելել են նաեւ Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ ինստիտուտ-թանգարան:

Նմանատիպ նյութեր