Դեսպան Ղազարյանը հանդիպել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ
Մարտի 19-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը Լեհաստանի նախագահական պալատում հանդիպում ունեցավ Լեհաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Յացեկ Միխալովսկու հետ:
Ողջունելով դեսպան Ղազարյանին` Յացեկ Միխալովսկին հաջողություններ մաղթեց նրան Լեհաստանում դիվանագիտական առաքելության իրականացման ողջ ժամանակահատվածում: Իր հերթին դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար:
Զրուցակիցները քննարկեցին հայ-լեհական հարաբերությունների ներկա բարձր մակարդակին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց Լեհաստանի հայ համայնքին և Լեհաստանի պատմության մեջ ունեցած հայերի կարևոր դերակատարությանը: Յացեկ Միխալովսկին դրական արձագանքեց առաջիկա ժամանակաշրջանում Երևանում Լեհաստանի հայ համայնքի պատմության ժամանակավոր ցուցադրություն բացելու առաջարկությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լեհաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպմանն առնչվող և այլ հարցեր: