Պաղեստինում թութակները կախվածություն ունեն սուրճից
Պաղեստինյան Գազա քաղաքի կենդանաբանական խանութներից մեկում թութակները հակում են ցուցաբերել սուրճի հանդեպ: Խանութի աշխատակիցների խոսքով՝ թռչունները կախվածություն ունեն:
Խանութի սեփականատերը սեղանի վրա սուրճով լի բաժակ է թողել, իսկ «Կակադու» տեսակի Ռիկո եւ Կոկո անունով թութակները, որոնք խանութի ներսում ազատ են արձակվում, խմել են այն: Ըմպելիքը դուր է եկել թութակներին եւ նրանք սկսել են երգել:
Թռչուններն ամեն օր երեք բաժակ սուրճ կամ թեյ են խմում: Աշխատակիցները նշում են, որ սուրճի բացակայության դեպքում թութակներն անհանգիստ վարք են դրսեւորում: Փետրավորների կախվածության հաշվին խանութը հայտնի է դարձել: Շատ մարդիկ են գալիս տեսնելու, թե ինչպես են թութակները սուրճ խմում:
Հիշեցնենք, որ անասնաբույժները կակադուներին սուրճ հյուրասիրել խորհուրդ չեն տալիս: Ըմպելիքը թունավոր ազդեցություն է ունենում թռչունների օրգանիզմի վրա: