ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն է անցկացրել
Մարտի 16-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Խորհրդակցության սկզբում նախարարն անդրադարձավ ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Քուվեյթ և Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած այցին՝ նշելով, որ այս երկրների հետ տարբեր ուղղություններով համագործակցության բավականին լայն դաշտ է բացվել:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված 267 պատահարի, ձեռնարկված միջոցառումների և կատարված հանձնարարականների մասին: Նախարարին ներկայացվեց նաև սահմանամերձ համայնքներում կատարվող աշխատանքների ընթացքը:
ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը, ջրամբարների ներկայիս վիճակը: Հանրապետությունում ներկայումս ջերմաստիճանը փոքր-ինչ բարձր է նորմայից, սպասվում է ջերմաստիճանի անկում: Գարունն առատ է լինելու տեղումներով, ինչը նշանակում է, որ ջրամբարների պաշարն այս տարի շատ ավելի բարձր ցուցանիշ կարձանագրի, քան նախորդ տարի էր՝ այդ մասին է վկայում նաև առատ ձյունածածկը:
ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց, որ բոլոր հակակարկտային կայանները բերված են աշխատանքային վիճակի՝ պատրաստ անհրաժեշտության դեպքում ներգործություն իրականացնել:
Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից անմասն չէ նաև ՏԿԱԻ նախարարությունը: ՏԿԱԻՆ փողային նվագախումբը յուրատեսակ ծրագրով հանդես կգա մարզկենտրոններում:
Միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը ներկայացրեց շաբաթվա ընթացքում ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվեց նաև մարզերում և ԼՂՀ տարածքում իրականացվող ուսումնավարժանքների և ուսուցողական միջոցառումների մասին:
Խորհրդակցության ավարտին ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը «Փրկարար ծառայության գնդապետ»-ի կոչում շնորհեց ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ կադրերի վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Վարդան Հովսեփյանին: