211652_close_icon
views-count1547 դիտում article-date 22:20 20-02-2015

ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Լոռու մարզխորհրդի նիստին

Փետրվարի 20-ին Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Լոռու մարզի այս տարվա առաջին մարզխորհրդի նիստը, որին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ, համայնքի ղեկավարներ, ավագանիների անդամներ ու բնակիչներ, ինչպես նաև տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Տարեկան ամփոփ հաշվետվությամբ հանդես եկավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ողջունելով ներկաներին՝ մարզպետն ամփոփ ելույթով անդրադարձավ 2014 թ. ընթացքում կատարված աշխատանքներին: Մարզպետի խոսքով 2014 թ. հանրապետության համար սոցիալական լուրջ մարտահրավերների հաղթահարման, հիմնախնդիրների լուծման ժամանակաշրջան էր: Միաժամանակ, ըստ Ա. Նալբանդյանի, եղան նաև անկանխատեսելի ցնցումներ՝ կապված աշխարհաքաղաքական հայտնի իրադարձությունների հետ: Մարզպետի խոսքով ողջ հանրապետության և հատկապես Լոռու մարզի համար նշանակալի ձեռքբերում է եղել նոր աշխատատեղերի ստեղծումը: Ըստ մարզի ղեկավարի, նախորդ տարեվերջին «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության մեկնարկը նշանակալի երևույթ էր ոչ միայն մարզի, այլև ողջ հանրապետության համար. աշխատանքով ապահովվեց ավելի քան 1300 մարդ: Սպիտակի թռչնաֆաբրիկայի գործարկումն աշխատանքով ապահովում է շուրջ 220, իսկ տրիկոտաժի ֆաբրիկայի գործարկումը՝ 100 մարդու: «Նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ այլ ծրագրեր ու անելիքներ ևս կան ու իրատեսորեն սպասելի է, որ մոտ ապագայում աշխատատեղեր կբացվեն նաև Տաշիրի շրջանում՝ պանրարտադրության զարգացմամբ, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում, և այլուր: Լուրջ ուշադրություն է դարձվում նաև ՓՄՁ-ների զարգացմանը: Երիտասարդ սկսնակ գործարարներին աջակցելու նպատակով ՓՄՁ-ների զարգացման ազգային կենտրոնի և միջազգային կառույցների հետ համագործակցությամբ ծրագրեր են իրականացվում՝ հնարավորություն տալով երիտասարդ գործարարներին հիմնել սեփական գործը», - եզրափակեց մարզպետը: Լոռու մարզում ակնհայտ ձեռքբերումների շարքում Ա. Նալբանդյանն առանձնացրեց տուրիզմի բնագավառը, որին ուղղված լուրջ ծրագրեր են իրականացնում Ֆրանսիայի ՊԱԿԱ և Ռհոն Ալպ ռեգիոնների հետ համագործակցությամբ:

Նմանատիպ նյութեր