ՆԱՏՕ-ում քննարկվում է ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքին օգնություն ցուցաբերելու հարցը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մադրիդում հայտնել է, որ դաշինքը քննարկում է բանակի պատրաստման հարցում ԻՊ-ի զինյալների դեմ պայքարելու համար Իրաքին օգնություն ցույց տալու հարցը: Հիշեցնենք, որ 2014թ-ի վերջին Իրաքի իշխանությունները դիմել էին ՆԱՏՕ-ին՝ խնդրելով օգնել իրաքյան բանակին նախապատրաստվել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին:
Ստոլտենբերգն ասել է, որ իրաքյան կառավարությանը օգնություն ցուցաբերելու որոշում դեռևս չկա: ՆԱՏՕ-ն դեռ ուսումնասիրում է կառավարության ներկայացուցիչների խնդրանքը, որպեսզի բարձրացվի մարտունակությունը և զինված ուժերի պատրաստվածության աստիճանը: Խոսքը զորավարժությունների անցկացման օգնության մասին է:
Նա նաև նշել է, որ ԻՊ-ի դեմ պայքարում չնայած որպես կազմակերպություն ՆԱՏՕ-ն դրան անմիջականորեն չի մասնակցում, բայց դաշնակից բոլոր երկրներն իրենց ներդրումն ունեն ռմբակոծությունների իրականացման կամ սպառազինության մատակարարման գործում: