Իրաքի կառավարությունը ականազերծման համար կտրամադրի ավելի քան 42 միլիոն դոլար
Al Arabiya հեռուստաընկերությունը հայտնել է, որ Իրաքի կառավարությունը ականազերծման և չգործադրված ականների և պայթուցիկների ոչնչացման համար տրամադրել է ավելի քան 42 միլիոն դոլար: Նշենք, որ ականներն այն տարածքներում են, որ իրաքյան բանակը ազատագրում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալներից: Բոլոր միջոցները, ըստ իրաքյան կառավարության որոշման, ուղղվելու են Իրաքի շրջակա միջավայրի պահպանման նախարարություն:
Ի դեպ՝ ըստ Ականազերծման իրաքյան կազմակերպության, ներկայումս Իրաքն առաջին տեղում է աշխարհում չպայթած ականների և նման այլ պայթուցիկ սարքերի քանակով, որ հողի տակ են մնացել Իրաքում մի քանի տարվա ընթացքում տեղի ունեցած մի քանի պատերազմներից և հակամարտություններից հետո: Հայտնի է, որ Իրաքի տարածքում կա ավելի քան 26 միլիոն չպայթած ական և այլ տեսակի պայթուցիկներ, որոնք կարող են ցանկացած պահի պայթել:
Այս ամենի ոչնչացման աշխատանքներին ներգրավվել են երկրի ներքին գործերի ներկայացուցիչները, ազգային անվտանգության ծառայությունները, պաշտպանության նախարարությունը և այլ կառույցներ: