211652_close_icon
views-count621 դիտում article-date 16:55 11-03-2015

Մեծարվեցին վաստակաշատ մանկաբույժները

ՀՀ առողջապահության նախարարության և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Արաբկիր» բժշկական համալիրում մեծարվեցին վաստակաշատ բուժաշխատողները: Միջոցառմանը ներկա էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության համանախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը նշեց, որ կանանց տոների առթիվ բուժաշխատողների մեծարման միջոցառումների շարքը շարունակական է լինելու: Մասնագիտական երկարամյա, անձնվեր գործունեության համար գնահատանքի արժանացան «Արաբկիր» բժշկական համալիրում շուրջ 40 տարի աշխատող մանկաբույժներ Ալլա Հարությունյանը, Լիլիթ Նալբանդյանը և Զեմֆիրա Սարգսյանը: «Սրտանց շնորհավորում եմ այս դահլիճում ներկա բոլոր բուժաշխատողներին, ովքեր մանկաբույժին բնորոշ մեծահոգությամբ, բարիությամբ, գթասրտությամբ, ուշադրությամբ մշտապես կարողանում են սփոփել երեխաների առողջության հետ կապված բոլոր խնդիրները: Այս բժշկական համալիր դիմած ծնողներն ու երեխաներն արժանանում են հոգատար և ջերմ վերաբերմունքի»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` ավելացնելով, որ 40 և ավելի տարիների ընթացքում այս մանկաբույժներին հաջողվել է արհեստավարժորեն մի քանի սերունդների առողջություն վերադարձնել: Արմեն Մուրադյանը բուժաշխատողներին մաղթեց նորանոր հաջողություններ և առաջին հերթին քաջառողջություն: «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության համանախագահ Արա Բաբլոյանը ևս մեկ անգամ փաստեց, որ մանկաբույժների աշխատանքը նուրբ և քնքուշ լինելու հետ միաժամանակ ծանր է և դժվար: «Հայաստանում մի քանի հիվանդանոցներ են, որոնք ոչ միայն իրենց վրա են վերցնում հիվանդ երեխաների բուժման ամբողջ բեռը, այլև ավելին` օգնության են հասնում բարդացած դեպքերին: Այսօր ամբողջ Հայաստանի որևէ ծայրում չբուժված, անելանելի վիճակում գտնվող երեխաները տեղափոխվում են կամ «Արաբկիր» կամ «Սուրբ Աստվածամայր» բժշկական համալիր»,- նշեց Արա Բաբլոյանը: Նա ընդգծեց, որ այսօր գնահատանքի արժանացած մանկաբույժները մեծ ներդրում ունեն ոչ միայն այս բժշկական համալիրի, այլև մեր երկրի առողջապահական համակարգի զարգացման գործում: Նրա գնահատմամբ` միջոռումների այս շարքը վկայում է այն մասին, որ բուժաշխատողները կատարում են մեկ միասնական աշխատանք հանուն հայ ժողովրդի առողջության: Միջոցառմանը ներկա էին նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության համանախագահ Դերենիկ Դումանյանը և գործադիր տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:

Նմանատիպ նյութեր