211652_close_icon
views-count5742 դիտում article-date 16:41 08-03-2015

Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը` Մարտի 8-ի առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Մարտի 8-ի առթիվ: «Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ: Կասկածից վեր է, որ ինչքան էլ երախտիքի ու գովասանքի խոսքեր ասվեն, միևնույն է, ձեր անհատնում բարությամբ, ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով ու հոգատարությամբ դուք միանշանակ շատ ավելի մեծ գնահատանքի եք արժանի: Հայ ժողովրդի դարավոր պատմությունը լի է հայ կնոջ բացառիկ արիության ու խիզախության օրինակներով և այսօր էլ, սիրելի կանայք, ձեր վարք ու բարքով, բարեխիղճ աշխատանքով, հարազատ տունը, քաղաքն ու երկիրը ավելի լավը դարձնելու ազնիվ մղումներով դուք շարունակում եք օրինակ հանդիսանալ մատաղ սերնդի համար: Ձեր փխրուն ուսերով կանգուն պահելով հայ օջախի սյունը՝ դուք անտրտունջ, անսպառ համբերատարությամբ իրականացնում եք մեր երեխաներին համամարդկային արժեքներով, նաև հայրենասիրության, ազգային արժեքների ոգով դաստիարակելու դժվարին, բայց և խիստ կարևոր, ազգաշահ առաքելությունը: Անգնահատելի է նաև ձեր ակտիվ մասնակցությունը ինչպես հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում, այնպես էլ մեր սիրելի մայրաքաղաքի կառավարման գործում: Սիրելի կանայք, մայրեր, քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ քաջառողջություն եմ մաղթում բոլորիդ: Թող սերն ու հմայքն անպակաս լինեն ձեզանից: Ուզում եմ, որ ապրեք անհոգ և հայ կնոջ առանձնահատուկ իմաստնությամբ շարունակեք ժպիտ, բարություն ու ազնվություն սփռել ձեր շուրջն ու ամենուր»:

Նմանատիպ նյութեր