Գիշերօթիկի սաներին այցելեցին ԱՀԹ երիտասարդներն ու զինվորները
Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ մի խումբ զինվորների հետ այցելեցին Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոց ու Երեւանի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն: Նպատակն էր սաներին հանձնել օրեր առաջ «Նամակ զինվորին» ծրագրով զինվորներին գրած քաջալերող նամակների պատասխանները:
Զինվորները եկել էին ՀՀ ԶՈՒ հոգեւոր սպասավորներ Ժորա սարկավագ Սարգսյանի եւ Վոլոդյա սարկավագ Նաջարյանի հետ:
Երեխաները հյուրերի հետ սպորտային խաղեր՝ շախմատ, բասկետբոլ, ֆուտբոլ խաղացին եւ պարեցին: Զինվորները պատմեցին իրենց զինվորական առօրյայից, իսկ երեխաները հետաքրքրվում էին զինվորներից, թե ինչպիսի՞ն է զինվորի կյանքը, կարո՞ղ են նրանց հետ ծառայել, ի՞նչ է երջանկությունը եւ այլն:
Զինվորները տղաների խնդրանքով մարզական հնարքներ ցուցադրեցին, ուժային վարժություններ կատարեցին:
Հրաժեշտից առաջ զինվորները խոստացան երեխաներին նորից այցելել եւ նոր ձեռքբերած ընկերությունը պահպանել հոգատարությամբ, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: