Գեղարքունիքում ավարտվել է շախմատի պատանեկան առաջնությունը
Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում ավարտվեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված շախմատի պատանեկան առաջնությունը, որն ընթանում էր տարիքային 4 խմբերում:
Առաջնությունը կրում էր «Մենք եղել ենք, կանք ու կլինենք» խորագիրը: Առաջնությանը մասնակցում էին ՀՀ Շախմատի ակադեմիայի Գեղարքունիքի մարզի Գավառի, Ճամբարակի, Մարտունու, Սեւանի, Վարդենիսի, Վարդենիկի եւ Սարուխանի մասնաճյուղերի 70 շախմատիստներ, որոնք հաղթահարել էին տարածքային փուլի արգելքը:
10 տարեկանները մրցել են շվեյցարական, 12, 14, 16 տարեկանները՝ շրջանաձեւ մրցակարգով: 10 տարեկանների խմբում առաջին տեղը գրավել է Մարտունու ներկայացուցիչ Սպարտակ Ղազարյանը, 2-րդ տեղը՝ Ճամբարակի ներկայացուցիչ Ռաֆայել Բաբայանը, 3-րդ տեղը՝ Գավառի ներկայացուցիչ Տիգրան Գայրանյանը:
12 տարեկանների խմբում առաջին տեղը գրավել է գավառցի Վարդան Սարգսյանը, 2-րդ տեղը՝ վարդենիկցի Արման Բադոյանը եւ 3-րդ տեղը՝ մարտունեցի Տարոն Ավետիսյանը:
Հաղթողներից ձեւավորվեց Գեղարքունիքի մարզի շախմատի պատանիների թիմը, որը մարտի 16-25-ին մայրաքաղաքում կմասնակցի Հայաստանի շախմատի պատանիների եւ աղջիկների կիսաեզրափակիչ փուլին: