Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմի պրեմիերա՝ Աթենքում
Փետրվարի 24-ին Աթենքի «Դանաոս» կինոթատրոնում կայացավ թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի պրեմիերան` ռեժիսորի մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, եկեղեցական և համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հունական թատերական և կինոաշխարհի հայտնի դեմքեր, լրագրողներ, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:
Իր ներածական խոսքում Ֆաթիհ Աքինը նշեց, որ «Սպի» ֆիլմի թեման 1915թ. Հայոց ցեղասպանությունն է, և իբրև ծագումով թուրք բեմադրիչ` իր նպատակն է թուրք և օտար հադիսատեսի ուշադրությունը հրավիրել պատմական այս իրողությանը: Ռեժիսորը հավելեց, որ Հայոց ցեղասպանությունը պետք է լուսաբանվի հանրության համար հատկապես հիմա, երբ աշխարհի տարբեր մասերում շարունակվում են մարդկության դեմ ոճիրներ գործվել: Ըստ Աքինի` պատմական իրողությունների ճիշտ լուսաբանումը նման ոճիրները կանխելու միջոց է:
Մարտի 5-ից ֆիլմը կցուցադրվի Աթենքի, իսկ մարտի 23-ից` Սալոնիկի կինոթատրոններում: