211652_close_icon
views-count884 դիտում article-date 22:52 28-02-2015

Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն Սոֆիայում

Փետրվարի 27-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ դեսպանության և Սոֆիայի Սուրբ Կլիմենտ Օխրիդսկիի անվան համալսարանի Արևելյան լեզուների և մշակույթի կենտրոնի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Կենտրոնի կազմում 1995թ.-ից գործում է «Հայագիտություն և Կովկասագիտություն» ուղղությունը: Համագործակցության հուշագիրը ներառում է փոխգործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես հայագիտության տարածումն ու զարգացումը, իրականացվելիք համատեղ միջոցառումները, տեղեկատվության փոխանակումը, կենտրոնում դեսպանության օժանդակությամբ դասախոսությունների, ինչպես նաև դեսպանատանը կենտրոնի ուսանողների պրակտիկայի կազմակերպումը: Դեսպանությունը Կենտրոնին աջակցություն կցուցաբերի նաև հայագիտության, հայոց լեզվի ու գրականության, պատմության, մշակույթի, վերաբերյալ գիտական և տեղեկատվական գրականություն տրամադրելու գործում: Ստորագրության արարողությանը նախորդեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանի զրույցը Կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ֆեդոտովի և կենտրոնի դասախոսների միջև: Դեսպան Սհոյանը նշեց, որ փոխըմբռնման հուշագիրն անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի համագործակցության խորացման համար: Դեսպանը մեծապես կարևորեց Ցեղասպանության 100-րդ տարելիցի և Սումգայիթի ողբերգական դեպքերի 27-րդ տարելիցի նախաշեմին հավաստի տեղեկատվության տարածումը ուսանողության շրջանում և պատմական անհերքելի փաստերի աղավաղման անթույլատրելիությունը:

Նմանատիպ նյութեր