Արծվանիստի բուժամբուլատորիայում ջեռուցման համակարգ չկա
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն աշխատանքային այցով եղավ Մարտունու տարածաշրջանում: Արծվանիստ համայնքում նա այցելեց համայնքի բուժամբուլատորիա, դիտարկեց համայնքի բնակիչներին մատուցվող բուժսպասարկման աշխատանքների որակը եւ ամբուլատորիայի շենքային պայմանները: Մարզի ղեկավարը աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցում լուրջ խոչընդոտ համարեց բուժկետում ջեռուցման համակարգի բացակայության խնդիրը, ինչը, ըստ նրա, կառույցի տնօրեն Մարիամ Հարությունյանի ոչ հետեւողական աշխատանքի արդյունքն է:
Խնդրի կարգավորման ուղղությամբ Ռաֆիկ Գրիգորյանն առաջարկեց կազմակերպել քննարկում եւ տալ շուտափույթ լուծում: Արծվանիստի միջնակարգ դպրոցում Գեղարքունիքի մարզպետը հանդիպում ունեցավ մանկավարժական կոլեկտիվի հետ, լսեց նրանց կողմից բարձրացված խնդիրները, պատասխանեց մանկավարժներին մտահոգող մի շարք հարցերի, ծանոթացավ դպրոցի շենքային պայմաններին:
Այստեղ 2008 թվականից մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները, իսկ 2012 թվականին դրանք դադարեցվել են շենքի սեյսմիկ վիճակի ուսումնասիրման նպատակով: Մարզպետը տեղեկացրեց, որ դպրոցի շինարարական աշխատանքները շարունակելու համար արդեն ավարտին է հասցվել նախագծանախահաշվային փաստաթղթի մշակումը, եւ շինարարությունը կսկսվի ֆինանսավորման դեպքում:
Գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով մարզպետը նշեց, որ Արծվանիստում արդեն ձևավորվել է գյուղատնտեսական կոոպերացիան և համայնքին առաջիկայում հատկացվելու է կառավարության կողմից տրամադրվելիք գյուղատնտեսական տեխնիկաների մոտ 12-13 տեսակ: