211652_close_icon
views-count1289 դիտում article-date 20:31 24-02-2015

Վարչապետին է ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ներկայացնելով 2014թ. իրականացված աշխատանքները, նշել է, որ հաշվետու տարում արձանագրվել է գյուղատնտեսության մասնաբաժնի աճ ՀՀ համախառն ներքին արդյունքի մեջ: Նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 7.2 տոկոսով, իսկ գյուղատնտեսական մթերքներ վերամշակող ոլորտին բաժին է ընկել արդյունաբերության համախառն արտադրանքի 38.4 տոկոսը: Բուսաբուծության համախառն արտադրանքի ծավալն աճել է 6.9 տոկոսով, անասնապահությանը՝ 7.8 տոկոսով: 3.2 տոկոսով բարձրացել է վարելահո­ղերի նպատակա­յին օգտագործման մակարդակը, 14.6 հազար հեկտարով ավելացել են մշակովի ցանքատարածությունները: Գյուղա­տնտեսու­թյան ոլորտին տրա­մա­դրվել են 14 տոկոսով վարկեր, որոնց 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է: Վարչապետի հանձնարարությամբ 2015 թ. ոլորտին տրամադրվող վարկերը հանրապետության բոլոր գյուղական համայնքների համար կսուբսիդավորվեն 6 տոկոսային կետով: Պետական աջակցության ծրագրեր են իրականացվել անասնաբուծության տարբեր ճյուղերի եւ հացահատիկային տնտեսության զարգացման, գյուղատնտեսությունում օգտագործվող նյութական եւ մարդկային ռեսուրսների մատչելիության բարձրացման, ենթակառուցվածքների բարելավման, ոլորտի տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով: Իրականացվել են բնական աղետ­ների հետեւանքների մեղմման, գյուղատնտեսական կոոպերատիվների խթանման, բույսերի պաշտպանության, գյուղատնտեսական կենդանիների պատվաստման միջոցառումներ, խորհրդատվական աշխատանքներ են տարվել գյուղական համայնքների հետ, համագործակցության հուշագրեր են ստորագրվել ոլորտային միությունների հետ, ընդլայնվել է միջազգային համագործակցությունը: 2014 թ. ընթացքում իրենց ոլորտներում կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ զեկուցել են նաեւ Գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գտնվող պետական մարմինների ղեկավարները՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ գյուղատնտեսության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է եւ հորդորել գյուղատնտեսության նախարարությանը 2015 թ. ավելի արդյունավետ եւ ակտիվ աշխատել՝ ոլորտում առաջընթաց ապահովելու համար: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մշակել եւ ՀՀ կառավարություն ներկայացնել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեության հասցեականության բարձրացման ու ԵՏՄ-ի շրջանակում համագործակցության ընդլայնման ծրագիր, ջերմոցային տնտեսության զարգացման ծրագիր, որի հիման վրա կիրականացվի նպատակային հողատարածքների գույքագրում, ներդրումային գրավչության բարձրացում եւ ենթակառուցվածքների բարելավում, բարեփոխումներ կատարել անտառտնտեսություններում՝ վստահությունը վերականգնելու եւ ապօրինի անտառահատումները բացառելու նպատակով, շարունակել գյուղական համայնքների խոշորացման միջոցառումները եւ ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքները: Կառավարության ղեկավարը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին՝ ուշադրության կենտրոնում պահել ոլորտի խնդիրները եւ հետեւողական լինել հանձնարարականների կատարման հարցում:

Նմանատիպ նյութեր