211652_close_icon
views-count960 դիտում article-date 22:58 23-02-2015

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանի առաջին հանդիպումը ՏԿԱԻ նախարարի հետ

Փետրվարի 23-ին ՀՀ ՏԿԱԻՆ վարչական շենքում կայացավ նախարար Արմեն Երիցյանի և Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի առաջին հանդիպումը: ՏԿԱԻՆ-ը ԱՄՆ-ի դեսպանի այցելած առաջին նախարարություններից է: Դեսպանին ուղեկցում էին ԱՄՆ դեսպանության քաղաքական բաժնի մասնագետ Լիլիթ Օհանյանը և ԱՄՆ դեսպանության Միջռազմական ծրագրի համակարգող Անի Մելքումյանը: Քանի որ դեսպանի այցը կրում էր ճանաչողական բնույթ, նախարար Երիցյանը հյուրին ներկայացրեց ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման և ՀՀ կառավարության սերվերային կենտրոնները: Դեսպանի այցը համընկավ «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» նախագծի շրջանակներում նախարարությունում կազմակերպված հաշմանդամ աշխատակիցների և հաշմանդամություն ունեցող այլ անձանց կարատեի պարապմունքների անցկացման հետ, Ռիչարդ Միլսն ու նախարար Երիցյանը զրուցեցին պարապմունքներին մասնակցող հաշմանդամ աշխատակիցների հետ: Շնորհակալություն հայտնելով ՏԿԱԻ նախարարին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Միլսը նշեց, որ իր գործընկեր՝ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնից շատ է լսել ՏԿԱԻՆ-ի հետ արդյունավետ և սերտ համագործակցության մասին: Դեսպանը տպավորված էր նախարարության ՃԿԿ-ի տեխնիկական հագեցվածությամբ՝ նշելով, որ նման արդիական զինում շատ քիչ երկրներում է տեսել: Դեսպանը մասնավորապես հետաքրքրվեց, թե ինչպես է իրականացվում փրկարարների վերապատրաստումը: Նախարար Երիցյանը նշեց, որ ՏԿԱԻՆ փրկարարները վերապատրաստվում են Շվեյցարական զարգացման ծրագրով, ինչի արդյունքում՝ հրշեջները դարձան հրշեջ-փրկարարներ, իսկ հրշեջ ծառայությունը լիովին վերազինվեց: Նախարարը խոսեց նաև կադրային վերապատրաստման գործընթացում ԱՄՆ-ի, Ճապոնիայի և ՄԱԿ-ի հետ սերտ համագործակցության, ինչպես նաև՝ «Ինսարագ» միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբին անդամակցելու հեռանկարի մասին:

Նմանատիպ նյութեր