211652_close_icon
views-count1362 դիտում article-date 22:59 27-03-2015

ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալը մասնակցեց Շիրակի մարզխորհրդի նիստին

Մարտի 27-ին Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի 2015թ.-ի հերթական նիստը, որին մասնակցեցին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՏԿԱԻ նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները: Մարզպետ Ֆ. Ցոլակյանը ներկայացրեց մարզի 2014 թ. սոցիալ-տնտեսական իրավիճակը և 2015թ.-ի ընթացիկ գործունեությունը: Մարզպետն անդրադարձավ գյուղատնտեսության, բնապահպանության, հողաշինության ու հողօգտագործման բնագավառներում իրականացված աշխատանքային ուղղություններին: «Ճիշտ է, թեև 2014թ.-ին մարզում ցրտահարություն գրանցվեց, սակայն կառավարության աջակցությամբ կարողացանք քիչ թե շատ հաղթահարել առաջացած խնդիրները»,- նշեց մարզպետը: Ֆ. Ցոլակյանը 2015թ.-ի հարկերի հավաքագրման տեսանկյունից համարում է ոչ բավարար տարի: «Գույքահարկի առումով դրական եմ գնահատում ընդհանուր աշխատանքները, սակայն հողահարկի հավաքագրումը բավական թերի է: Բացթողման պատճառն այն է, որ շատ հողօգտագործողների հետ պայմանագրեր չեն կնքվում, իսկ վարձավճարները ժամանակին չեն հավաքագրվում»,-հավելեց մարզպետը: ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը զեկուցեց գարնանային հնարավոր հեղեղումների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: «Մարզի համայնքների ղեկավարներին առաջարկվել է պատրաստի վիճակի բերել արագ արձագանքման խմբերը, ինժեներական տեխնիկան և ունենալ պահուստային վառելիք կանխարգելիչ միջոցառումների իրականացման նպատակով: Այս աշխատանքները կշարունակվեն ոչ միայն մինչև հեղեղավտանգ ժամանակահատվածի ավարտը, այլ ամբողջ տարվա ընթացքում»,- նշեց Մ. Սարիբեկյանը: Նրա խոսքով՝ անցած 7 տարիների ընթացքում մարզում արձանագրված հեղեղումների դեպքերի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ ձմեռային ժամանակաշրջանի հիդրոօդերևութաբանական պայմանները ապրիլ-հունիս ամիսների հոսքի ձևավորման մեջ կունենան կամ դրական, կամ բացասական ազդեցություն՝ կախված ջերմաստիճանի կտրուկ բարձրացումից:

Նմանատիպ նյութեր